Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջին անգամ ցույց տվեց քարտեզը, որով Տավուշ - Ղազախ հատվածում իրականացվել է սահմանազատումը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում առաջին անգամ ցույց տվեց այն քարտեզը, որով Տավուշ - Ղազախ հատվածում իրականացվել է սահմանազատումը։

«Սա 1976 թվականի գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազտաման արդյունքների հիման վրա», - ներկայացրեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե այժմ կարող է բաց խոսել. մանրազնին աշխատանք կատարելով, այդ քարտեզների հիման վրա վերարտադրել են Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը։

«Այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա Հայաստանի հանրապետության սահմանի ամբողջ պարագիծը: Ես ուզում եմ ընդգծել, թե սա ինչ կարևորագույն իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դրանով մենք ընդգծել ենք մեր ինքնիշխան տարածքը», - նշեց նա:

Կրկին ցույց տալով 76 թվականի քարտեզը Փաշինյանը շեշտեց՝ երբ իրենք ասում էին ապագա կա, դա նկատի ունեին. - «Էդքան, որ ասում էինք՝ ապագա կա, ապագա կա, այդ ապագան էս է, որը կոնկրետ է, միլիմետրի ճշտությամբ»:

Փաշինյանը վստահեցրեց՝ երբ Ադրբեջանը ընդունում է , որ սահմանազատված գծից հետո Հայաստանն է, ուրեմն ընդունում է, որ այն անձեռնմխելի է։

Ինչպե՞ս է սահմանազատման գործընթացը հետագայում ընթանալու

Այս հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասաց, որ Տավուշ- Ղազախ հատվածի սահմանազատման վերաբերյալ 2024 -ի ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը իրողություն է, պայմանավորվածութուն է, անկյունքար է։

«Էդ պայմանավորվածությունը չի կարող առաջ չգնալ։ Ես չեմ տեսնում դրա հնարավորությունը, կարող է դանդաղ գնալ առաջ, կարող է մի քիչ արագ գնալ առաջ, բայց էդ պրոցեսը պետք է գնա, որովհետև 2 պետություն արդեն ստորագրել են, որ պետք է գնա առաջ և մենք չենք կարող անլրջացնել մեր ստորագրությունը», - նշեց վարչապետը։

«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հայաստանի կառավարությունում, Անվտանգության խորհրդի և ավելի ընդարձակ ֆորմատով տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ։ Մեր այդ որոշումները անցել են իրավական փորձաքննություն, և ես որևէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ, քանի որ դրանց իրավական լինելը արձանագրվել է համապատասխան պետական ինստիտուտներով», - նաև ընդգծել է Փաշինյանը։

«Էդ չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն»

Խորհրդարանական ընդդիմությունը, որն այս օրերին սատարում է Տավուշի թեմի առաջնորդած շարժմանը, այսօր չէր մասնակցում հարցուպատասխանին։ Առանց անուններ տալու Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իր հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի այն ձևակերպման, թե իր առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը չակնակալիքների շարժում է։

«Մարդիկ ովքեր գալիս են, ասում են չակնկալիքների շարժում ենք անում, էդ չակնկալիքների շարժումը ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ Հայաստանում մարդիկ Երևանի կենտրոնում սրճարանում նստած երազեն Կարսի մասին, և այդպիսով կորցնեն Երևանը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ ինչպես իրենք են ասում՝ Սանասարի մասին և կորցնեն իրական Կապանը։ Սա է կոնցեպտուալ բանավեճը», - նշեց Փաշինյանը։

«Ես որպես Հայաստանի վարչապետ երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու»

Վարչապետը չշրջանցեց նաև Հայ առաքելական եկեղեցուն, անկարկելով, որ այն հակառակվելով իր առաջարկած անվտանգային համակարգին, փորձում է Հայաստանը դարձնել լեգիտիմ թիրախ։ Հեգնեց՝ կորցնելով ինքնիշխանությունը Հայաստանի 10 մարզի փոխարեն կլինի 10 եկեղեցական թեմ, ապա զուգահեռներ անցկացրեց իր և Պապ թագավորի միջև՝ խոստանալով՝ այս անգամ Պապ թագավորը չի սպանվելու։

«Խեղճ Պապ թագավորը մինչև քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը չի լուծվել, բայց համոզված եմ առաջիկա 1, 2, 3 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու։ Սա էն խոսակցությունն է, որը ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ: Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ես որպես Հայաստանի վարչապետ երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու։ Հայաստանի պետությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու», - հայտարարեց Փաշինյանը։

«ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»

Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իշխող ուժի պատգամավորի հարցի, արձագանքեց նաև Բելառուսի նախագաhի արված հայտարարությանը։

Լուկաշենկոն Ալիևին ասել էր՝ «հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:

Փաշինյանն արձագանքեց՝ Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը։

«2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ -ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը», - հայտարարեց նա։

Փաշինյանը շեշտեց՝ այդպիսի փորձեր 2020 -ի պատերազմից հետ էլի են եղել, 2021 -ի մայիսին, 2022 -ի սեպտեմբերին, 2023 -ի սեպտեմբերին, բայց չի ստացվել։

Ի դեպ, 2020 թվականի օգոստոսին՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ Փաշինյանը շնորհավորել էր Լուկաշենկոյին վիճահարույց ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG