Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանին հաջողվեց մտնել Կիրանց, սակայն կարճ ժամանակ անց նա հեռացավ


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, ում ոստիկաններն այս կեսօրից չէին թույլատրում մտնել շրջափակված Կիրանց, հաջողվեց մուտք գործել գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպումից հետո նա հեռացավ Կիրանցից ոստիկանական մեքենաներից մեկի ուղեկցությամբ։

Ոստիկաններն ասացին, որ սրբազանին կուղեկցեն դեպի այն վայրը, որտեղից ճանապարհը փակ է։

Բագրատ Գալստանյանը, սակայն, ուղիղ չպատասխանեց հարցին, թե ինչպես էր հաջողել հասնել գյուղ՝ զարտուղի ճանապարհով, թե ոստիկաններն էին ի վերջո թույլ տվել. - «Ուղիղ ճանապարհով։ Ես հանրային Վահե Ղազարյանին ասացի՝ պիտի գնամ իմ գյուղացիներին տեսնելու, ես այս մարդկանց կյանքում քիչ-շատ, որոշակի ծառայություն ունեմ, հանրային ասացի, չթողեց կամ չարձագանքեց, դե հիմա թող արձագանքն ստանա»։

Արքեպիսկոպոսը կիրակի երեկոյան Երևանում հավաքի ժամանակ հայտարարել էր, որ այսօր մեկնելու է Կիրանց, ուր մուտքը սահմանափակված է երեկվանից՝ մայիսի 19-ի առավոտից։

«Սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի կամ որևէ այլ փոքրիկ գյուղական համայնքի խնդիրը չէ, սա Հայաստանի Հանրապետության գոյության խնդիրն է, որի արժանապատիվ, պատվով քաղաքացիներն այստեղ են։ Խնդիրը, հարցը այս տեղում է, լուծումը՝ Երևանում։ Այս ապօրինի գործողությունները և ապօրինի իշխանությունը, այս մարդկանց քվեները գողացած իշխանությունը, այս մարդկանց հակառակ խոստում տված իշխանությունն ի՞նչ գործ ունի այս մարդկանց կյանքի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդը։

Հարցին, թե այս տարբերակով է տեսնո՞ւմ լուծումը, Բագրատ սրբազանը պատասխանեց. - «Լուծում ուրիշ չկա, մենք չենք կարող զենք ու զորքով։ Ես առաջին օրից եմ ասել՝ խրամատում չէ մեր խնդիրը լուծելիք։ Այդ խրամատը մեր ամենամեծ պատն էր այս մարդկանց անվտանգության համար»։

  • Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
  • Ոստիկանական ուժերը փակել են գյուղի մուտքը։ Նախքան գյուղ մտնելը Բագրատ սրբազանը դիմեց ոստիկանապետին, որ ճանապարհը բացեն, ասելով, որ Կիրանց է ուզում մտնել` գյուղացիներին տեսնելու նպատակով։ Բայց, Տավուշի թեմի առաջնորդի առաջ գյուղի ճանապարհն այդ ժամանակ չբացեցին։
  • Այսօր նաև հայտնի դարձավ, որ Կիրանցի խանութներում մատակարարումների խնդիր կա, հաց բերող մեքենային նույնպես չեն թույլատրել գյուղ մտնել:
  • Կիրանցում սյուներ են տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատության»-ը փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե ուղղորդող:

XS
SM
MD
LG