Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, «Ազատությանը» հաջողվել է այլընտրանքային ճանապարհով, սարերի միջով հասնել գյուղ։
Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված, կային նաև ոստիկանության զորքերի ավտոբուսներ:
Կիրանցում սյուներ են տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:
Զուգահեռ մեկնարկում են այլընտրանքային ճանապարհի աշխատանքները: Այժմ Աճարկուտ բարձրացող հատվածում տրակտոր է աշխատում:
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնեց, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է», - նշել է ԱԱԾ-ն։
Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնել:
- Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
- Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։