Մատչելիության հղումներ

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են


Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում, 18-ը մայիսի, 2024թ․
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում, 18-ը մայիսի, 2024թ․

Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են։

Նրանք «Ազատության»-ը փոխանցեցին, որ հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնում։

Նրանք նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։

Առավոտյան Կիրանցում էր նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ շրջանցիկ ճանապարհի մասին էր խոսում։

«Ճանապարհը կկառուցենք, ինքն իրենով կլինի նաև անվտանգություն», - գյուղացիների հետ զրույցում ասաց նախարարը։

Կիրանցեցիներն էլ հակադարձեցին․ - «Թուրքը որ եկավ էստեղ կանգնեց, ես ո՞նց եմ ստեղ ապրելու, իմ էրեխան կապրի՞ էստեղ»։

Սանոսյանն էլ շեշտեց, թե հայ սահմանապահներն էլ են էստեղ կանգնած լինելու։

«Մեր սահմանագծում որևէ տեղ գիտե՞ք, որ իրենք [ադրբեջանցիները] կանգնած են մենք չէ։ Որտեղ կորոշեն՝ կորոշեն հինգ մետր հեռավորություն, համարժեք նույնն է լինելու, մեր սահմանապահները ձեր անվտանգությունը կապահովեն։ Գիտենք մոտավոր ճանապարհը ոնց է անցնելու, մարդկան ասել ենք, մնացածը շինարարության ընթացքում պարզ կլինի», - ասաց նախարարը։


Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Ըստ էության, ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։

Նախարարը խոստանում է՝ տեխնիկական բոլոր չափորոշիչները պահպանվելու են։ «Մենք պետք է տեխնիկական բոլոր նորմերը պահենք՝ և՛ հողերը խնայենք, և՛ ճանապարհի նորմերը պահպանենք՝ թեքությունները, կորերը և այլն, որպեսզի ֆուռերը կարողանան գնալ-գալ։ Գյուղատնտեսական տեխնիկայի համար տեղերը կթողնենք, որ էդ հողերը մշակվեն», - ասաց Սանոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG