«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական խաղաղության մեխանիզմում»։ Եվ այս հարցում մենք հույսը դնում ենք ԵՄ անդամ պետությունների վրա», - Կոպենհագենում ժողովրդավարության թեմայով քննարկմանը իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկ ամիս առաջ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել 10 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, որը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար:
Ապրիլի վերջին, սակայն, «Ազատության» դիվանագիտական աղբյուրները հայտնեցին, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։
Կոպենհագեն աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Դանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
Փաշինյանը Ֆրեդերիկսենին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հրավերն ընդունվել է:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» կազմակերպիչ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ:
Տե՛ս նաև այստեղ