Վրաստանում մեկնարկում է խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում նախատեսվում է երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատել «օտարերկրյա գործակալների» մասին իշխող ուժի նախաձեռնած աղմկահարույց օրինագիծը։
Օրենքի առաջին և երկրորդ ընթերցումներն ուղեկցվել են բողոքի ցույցերով, ընդհարումներով ու ձերբակալություններով։
Այսօր վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ վրացական բուհերի հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Հաղորդվում է, որ պատգամավորները նիստերի դահլիճ են հասել ոստիկանների ուղեկցությամբ, ցուցարարների՝ «ստրուկներ» վանկարկումների ներքո։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վետո դնել օրինագծի վրա։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը ստորագրում և հրապարակում է օրենքը 10 օրվա ընթացքում կամ մեկնաբանությունների դեպքում կարող է վերադարձնել խորհրդարան։
«Վրացական երազանք»-ը ունի բավարար ձայներ հաղթահարելու նաև նախագահի վետոն։ Եթե դրանից հետո էլ նախագահը չստորագրի օրենքը, այդ լիազորությունը վերապահվում է խորհրդարանի նախագահին։
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը, մի շարք իրավապաշտպան միջազգային կառույցներ Թբիլիսիին կոչ են անում հրաժարվել այդ օրենքից, սակայն «Վրացական երազանք»-ը պնդում է, որ այն կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ֆինանսական թափանցիկությանը:
Եթե օրինագիծն ընդունվի, ապա 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Արևմտյան գործընկերները նշում են, որ օրենքի ընդունումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Եվրամիությանը Վրաստանի անդամակցման ճանապարհին։