Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը միասնական չէ՞, թե՞ մոտեցումներն են տարբեր. ընդդիմադիրների կարծիքները


Արծվիկ Մինասյանը և Էդուարդ Շարմազանովը, արխիվ
Արծվիկ Մինասյանը և Էդուարդ Շարմազանովը, արխիվ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հեռացնել չի հաջողվում, քանի որ ընդդիմադիրները միասնական չեն։

«Եթե բոլոր հականիկոլները միասնական լինեին, հիմա վաղուց հեռացված կլիներ», - ասում է նա։

Որ իշխանության քննադատների ու Փաշինյանի հրաժարականը պահանջողների մոտեցումները միասնական չեն, մեկ շաբաթ առաջ խոստովանեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Գործող կառավարության սահմանազատման ծրագրի դեմ լուծումը Հանրապետականի առաջնորդը համարում է Փաշինյանի իշխանության հեռացումը, որն, ըստ նրա, չի հաջողվում նաև ոչ միասնական մոտեցումների պատճառով։

«Լուծումների լուծումը, կարևորագույնը այս մարդկանց իշխանությունից հեռացումն է, որովհետև իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք գոնե կառավարման ասպարեզում», - ասել էր Սերժ Սարգսյանը։

Իսկ թե ինչո՞ւ դա չի հաջողվում, նշել էր. - «Կան ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին»։


Ո՞ր ուժերին նկատի ունի Սերժ Սարգսյանը, հնարավո՞ր է՝ իր և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական խմբակցությունների մոտեցումներն այլևս չեն համընկնում։ Սերժ Սարգսյանը փակագծեր չէր բացել։ Արծվիկ Մինասյանն առանց անուններ նշելու ակնարկեց, թե միասնական գործելուն խանգարում է իշխանության ձգտելու մղումը։

«Իմ խորին համոզմամբ՝ նա է, որ հաճախ մտածում են, որ, չգիտեմ, այ մյուս խումբը չգա իշխանության և այլն։ Ես անկեղծորեն ուզում եմ նաև ուղերձ գնա իրենց, որ այս պահի դրությամբ մեր գլխավոր խնդիրը Նիկոլից ու նիկոլիզմից ազատվելն է», - նշեց պատգամավորը։

2022 թվականի գարնանային պայքարի ժամանակ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնաբար լքեցին խորհրդարանական դահլիճն ու փողոց դուրս եկան ընդդեմ Փաշինյանի։ Իսկ այս օրերին սահմանազատման որոշման դեմ խորհրդարանական ընդդիմության մոտեցումները գոնե հրապարակային նախկինի պես չեն։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների այցերն ու հանդիպումներն առանձին են։

Անհամաձայնություն չկա. Շարմազանով

«Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին օրերին ակտիվ էին նաև ճանապարհները փակելու ակցիաներում։ «Պատիվ ունեմ»-ից, հանրապետականներից հայտնի դեմքեր չկային։ Խորհրդարանական ընդդիմությունը համաձայնություն ունի՞ համախմբված պայքարի, թե՞ տարաձայնություններ ունեն։ Գուցե մարտավարական մոտեցումները տարբեր լինեն, բայց անհամաձայնություն չկա, վստահեցնում է Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ոչ մի անհամաձայնություն էլ չկա, օրակարգը նույնն է, պատգամավորներն այնտեղ են, Տիգրանը {Աբրահամյան} գնում է, շաբաթ-կիրակի էլ ես այնտեղ եղել, հանդիպել եմ Բագրատ սրբազանին։ Ոչ մի տարաձայնություն չկա։ Հիմա կարող է պրակտիկորեն մի քաղաքական ուժ ունենա մի մարտավարություն, մեկ այլ քաղաքական ուժ՝ մեկ այլ մարտավարություն։ Ինչո՞ւ միասնությունը չի ստացվում, կստացվի, մի՛ անհանգստացեք», - ասաց նա։

Խորհրդարանական ընդդիմության մոտեցումները նույնը չեն նաև Փաշինյանի գլխավորած կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելու հարցում։ «Պատիվ ունեմ»-ը դեռ 2022-ից բոյկոտում է կառավարության հետ հարցուպատասխանը։ «Հայաստան» խմբակցությունը Փաշինյանին հարցեր տալու հնարավարությունը բաց չի թողնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG