Մատչելիության հղումներ

«Ուրալ»-ի վթարի գործով 3 մեղադրյալ կա՝ զորամասի պաշտոնատար անձինք ու վարորդը


Անցած ամիս Սյունքի մարզում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի գործով երեք մեղադրյալ կա: Քննչական կոմիտեից հայտնում են՝ զորամասի բարձրաստիճան երկու պաշտոնյա է կալանավորվել: Մեղադրանք է առաջադրվել նաև 18-ամյա զինծառայող վարորդին, նա դեռ հիվանդանոցում է: Հարազատներն ասում են՝ ողնաշարի ծանր վիրահատություն է տարել:

Ըստ կոմիտեի՝ ժամկետային զինծառայողն «Ուրալ»-ը թեք տարածքում է կայանել՝ խախտելով պաշտպանության նախարարի համապատասխան պահանջները: Ըստ այդ պահանջի՝ մեքենան պետք է կայանվեր լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։

Վարորդ Հովսեփ Համբարձումյանի հարազատներից Վեմիր Հովհաննիսյանն ասում է՝ Քննչական կոմիտեն թող քննի ու պարզի, թե ինչո՞ւ են «Ուրալ» վարելու փորձ ու համապատասխան կարգ չունեցող զինվորին նստեցրել այդ մեքենայի ղեկին։

«Ես չգիտեմ՝ թեք ա կանգնել, ուղիղ ա կանգնել, եթե անգամ թեք ա կանգնել, բա էդ անձնակազմը ո՞ւր էին լցնում մեջը, գալի ասում էին՝ էս սարի գլխից իջացրա։ Թող խոսան, որ էս զինվորին ոչ մի անգամ լեռնային պայմաններում ինքը եզդա չի արել, առաջին անգամ անձնակազմ տանողին 24 հոգի կնստցնե՞ն։ D կարգ պտի ունենա, B, C կարգ ունեցող վարորդը առավելագույնը օրենքը տալիս ա 8 հոգի անձնակազմ տեղափոխի, թող դրա մասին խոսան, էդ հայտարարությունը անեն։ Կարգ չունեցող զինվորին 24 հոգի անձնակազմ լցրել են, լեռնային պայմաններում բրախել են, ասել են՝ գնացեք ոնց հասնում եք տեղ, հասեք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Ողբերգական այս վթարի հետևանքով 4 զինծառայող մահացավ, 19-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ: Ըստ Քննչականի՝ «Ուրալ»-ում գտնվող անձնակազմը չի ունեցել համապատասխան հանդերձավորում: Բացի այդ, նշված է, որ թույլատրվում է մեքենան տեղից շարժել միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այնինչ, պաշտպանության նախարարի համապատասխան պահանջի խախտմամբ՝ մեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում:

18-ամյա զինծառայող վարորդի հարազատն ասում է՝ իրենք ամեն օր են տղայից լուր ստացել, որ մեքենայի հետ մի բան այն չէ։

«Զինծառայողը բազմիցս մեր հետ խոսացել ա, որ էդ նշված մեքենան էղել ա միշտ պրոբլեմատիկ։ Նախարարությունը թող էդ հրամանատարներից բռնած սաղին պատժի, որ անփորձ վարորդին 24 հոգի լցրել ա, սարի գլխից բրախել ա։ Անձնակազմի անվտանգությունը չեն պաշտպանել, բուխտուբարախտի լցրել են ժողովրդին մեջը», - ընդգծեց Վեմիր Հովհաննիսյանը։

Քննչական կոմիտեի հայտարարությամբ՝ «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի: Թեև այդ մեքենան նախորդ տարի է տեխզննում անցել ու ճանաչվել է սարքին, այդուհանդերձ, ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։ Այսինքն, ըստ կոմիտեի՝ դրանք չեն փոխարինվել նորով։ Կոմիտեն եզրահանգել է՝ զորամասի երկու պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոններն ու համապատասխան օրենքի մի շարք դրույթներ։ Նրանց անունները չեն բացահայտվում։

XS
SM
MD
LG