«Ես կարամ առանց մի միլիմետր շեղվելու Ասկիպարի սահմանը, մեկ էլ էս քանդած գյուղի սահմանը կյամ՝ առանց մի միլիմետր շեղվելու, առանց քարտեզին նայելու, որովհետև 43 տարի էս գյուղի համար ես աշխատել եմ». - 87-ամյա Գարուշ Ղազարյանը կյանքի կեսը Կիրանցում կոմկուսի քարտուղարից մինչև գյուղապետարանի գլխավոր հաշվապահ է եղել, հողերը սեփականաշնորհելիս՝ գյուղսովետը նախագահել, բայց որ Կիրանցի կամրջին հարակից բնակելի տները երբևէ եղած լինեն Ադրբեջանի տարածքում ՝ ոչ քարտեզ է մտաբերում, ոչ էլ փաստաթուղթ։ Մինչդեռ հիմա իրեն անծանոթ սահման են առաջ քաշում։
«Էս կարմնջից հլա մի 100-150 մետր ներքև նոր նրանց սահմանը կյալիս ա գետին միանում, բայց հիմա կարմունջն էլ են վեկալել՝ ըստ նոր գծած բանի, կարմնջից վերևի հողերն էլ, գյուղին միջով կյալիս ա, էս շինած դպրոցի հենց բերանով՝ 100 մետր հեռավորությամբ գիծ գնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Կիրանցի նախկին պաշտոնյայի այսօրվա պնդումները ժամանակին անգամ ադրբեջանցի պաշտոնյաները չեն հերքել։
Դեռ 40 տարի առաջ ադրբեջանցի հողաշինարարի հետ անհամաձայնությունն անգամ սովետական իշխանություններին՝ ուղիղ Մոսկվա է հասել։ Կոմկուսի քարտուղար Գարուշ Ղազարյանն ու սովխոզի դիրեկտորը հեռագիր են ուղարկել, թե ադրբեջանական տրակտորները սահմանն անցել՝ Կիրանց են հասել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.