«Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա սահմանի նոր նկարագրություն է արվում», - «Ազատության» հետ հարցազրույցում տեղեկացրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կողմերը որևէ փաստաթուղթ ստորագրում են, երբ սահմանին սյուներ են տեղադրում ու սահմանագծում իրականցնում։
«Սյուների միջև նաև նկարագրվում է փաստաթղթով, թե ինչպես է անցնում սահմանը», - ասաց Թորոսյանը:
«Ազատության» հարցին՝ ո՞ր փաստաթղթով, պատգամավորը պատասխանեց. - «Երկու հանձնաժողովները դա նկարագրում են։ Եվ նաև լինելու է Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացում։ Կա՛մ դա կլինի միջպետական համաձայնագիր՝ վավերացումով, կա՛մ առանձին օրենք։ Էդ մասով ենթադրում եմ մեր իրավաբաններն աշխատում են»:
Դիտարկմանը՝ երբ սյունը տեղադրվեց, դրա մասին պե՞տք է լինի ինչ -որ փաստաթուղթ, նա արձագանքեց. - «Կա արդեն, դա միջպետական համաձայնագիրն է Ալմա Աթայի, որ 2 պետությունները միացել են և ասել են, որ ճանաչում են։ Հիմա այդ ճանաչումը գետնի վրա ամրագրելը....., որովհետև մենք նոր սահման չենք գծում։ Նոր սահման գծելը ուրիշ իրավական ընթացակարգ է ենթադրում, բայց սա մեր ունեցած, 2 պետությունների միջև եղած սահմանի պարզապես գետնի վրա ամրագրումն է»:
Իսկ թե այդ ընթացքում կողմերը ինչ-որ բան ստորագրո՞ւմ են, որ օրինակ՝ այս սահմանով է անցնում, պատգամավորը պատասխանեց. - «Ենթադրում եմ, որ էդ նկարագրության տակ ստորագրություններ կդրվեն, չեմ կարող ասել ինչ ընթացակարգով, կամ էդ ստորագրությունները ովքեր կդնեն։ Գիտեք ինչո՞վ է պայմանավորված, նախկին նկարագրություններն այլևս ժամանակի ընթացքում վալիդ չեն։ Այդ նկարագրությունները շատ հաճախ, օրինակ, որ (սահմանը) անցնում է գետակի ափով կամ այգու կողքով, կամ ծառի մոտով, դրանք այլևս չկան։ Հետևաբար նոր նկարագրություն է գրվում, որը կարծում եմ ինչ-որ կերպ պետք է ամրագրվի։ Այսինքն գործող, իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա նոր նկարագրություն է արվում։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19 -ին հայտարարել էին, թե «սահմանագծի հատվածների նկարագրությունը ձևակերպվելու է համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թվականի մայիսի 15-ը:
Արդարադատության նախարարությունն իր հերթին այսօր պարզաբանել է, թե արդեն իսկ տեղադրված սահմանային սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ այդ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և սահմանազատման հանձնաժողովների հաստատմանը ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն, պնդում են նախարարությունից։
Իշխանական պատգամավորը համաձայն չէ, թե այս ողջ գործընթացը հապշտապ է իրականացվում։ «Ինչո՞ւ պետք է հապաղենք, եթե դա մեզ է պետք», - հակադարձում է Թորոսյանը։
«Սյուների տեղը հայտնի է և հետո միջսյունային տարածությունն էլ հնարավոր է նկարագրել, օրինակ, կոնկրետ էդ մարդիկ նստեն զբաղվենք: Ինչո՞ւ մենք պետք է արհեստականորեն դանդաղեցնենք», - ասաց Թորոսյանը:
Չնայած տավուշցիների օրեր շարունակ չդադարող բողոքի ակցիաներին և մտահոգություններին, սահմանազատումը շարունակվում է։
«Սահմանազատումը ինքնին անվտանգության երաշխիքի կոմպոնենտ է»
Վարչապետ Փաշինյանը նախօրեին ԱՄՆ պետք քարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել էր, թե Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են ու լեգիտիմ, և ամեն ինչ կարվի դրանք հասցեագրելու համար:
Արդյո՞ք Բլինքեն- Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաները։ Ոչ Երևանի և ոչ էլ Վաշինգտոնի պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ ամենևին այլ երկրների պաշտոնյաների հետ քննարկելու արդյունքում չէ իշխանությունը պատրաստվում հասցեագրել սահմանազատման հետ կապված մտահոգությունները։
«Բլինքենը չի, որ մեզ պետք է ասի, կամ մենք չի, որ Բլինքենին պետք է ասենք, որ մենք էդ հարցերը լուծելու ենք, մենք դա ասել ենք նախապես, - նշեց Թորոսյանը և ընդգծեց, - լուծելու ենք մեր սահմանը ֆիքսելուց հետո հնարավոր տարբերակներով»:
Որքանո՞վ է ճիշտ խնդիրները լուծել սահմանազատման գործընթացից հետո:
«Ազատության» հարցին՝ «եթե ադրբեջանցին գալու է Կիրանցի կամրջին կանգնի, ինչպե՞ս է կարգավորվելու կամրջի հարցը», Թորոսյանը պատասխանեց. - «Ես չեմ ընտրել, որ մեր հարևանը ադրբեջանցի լինի, ոչ էլ Կիրանցի կամ Բաղանիսի բնակիչը, որ իր հարևանը ադրբեջանցի լինի, հետևաբար, այո, պետք է ադրբեջանցին կանգնի սահմանազատումից հետո: Սահմանազատումը ինքնին անվտանգության երաշխիքի կոմպոնենտ է, եթե պետությունն ունի սահման, դա անվտանգության ավելի բարձր մակարդակ է, քան երբ որ կա շփման գիծ և երկու զինված ուժեր իրար ուշի-ուշով հետևելով սպասում են՝ ով գլուխը կբարձրացնի, որ խփեն մեկը մյուսին: Ակնհայտ է, որ մեր անվտանգությունը բարձրացնող միջոցառում է, ոչ թե իջեցնող, թեկուզ և ադրբեջանցի սահմանապահը գա ավելի մոտ»:
Չնայած ապրիլի 19 -ից մեկնարկած սահմանազատման գործընթացին, առայսօր կողմերը չեն հրապարակել՝ կոնկրետ որ թվականների քարտեզներով են գծվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները ու սահմանային սյուներ տեղադրվում։ Արդարադատության նախարարությունն այսօր հայտարարել է, թե 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է, իսկ գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք, Ազգային ժողովի կողմից վավերացված Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը։