Մատչելիության հղումներ

«Համաս»-ը քննարկում է Գազայում հրադադարի մասին Իսրայելի առաջարկը


Գազայի հատված
Գազայի հատված

ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հայտարարել է, որ քննարկում է Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի նոր առաջարկը։ Այս հայտարարությունը հնչում է ամիսներ շարունակվող պատերազմի ավարտի և հարավային Ռաֆահ քաղաքի վրա իսրայելյան հնարավոր հարձակումը կանխելու՝ Եգիպտոսի ջանքերի ակտիվացման ֆոնին, հաղորդում է AP-ն։

Արմատական «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ ալ Հայան մանրամասներ չի հայտնել իսրայելական առաջարկի մասին, սակայն ասել է, որ դա պատասխանն է երկու շաբաթ առաջ իրենց արված առաջարկին: Այս ամսվա սկզբին եգիպտական ու իսրայելյան կողմերի բանակցությունները կենտրոնացած էին 6-շաբաթյա հրադադարի և 40 քաղաքացիական ու հիվանդ պատանդների ազատ արձակման առաջարկի վրա՝ Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:

Առանձին հայտարարության մեջ «Համաս»-ը նշել է, որ «Գազայի հատվածում գործող երեք հիմնական զինյալ խմբավորումների առաջնորդները քննարկում են պատերազմին վերջ տալու ջանքերը»:

Իսրայելը, չնայած զսպվածության կոչերին, այդ թվում՝ իր դաշնակից ԱՄՆ-ի կողմից, ամիսներ շարունակ պնդում էր, որ ծրագրում է ցամաքային հարձակում իրականացնել Ռաֆահի վրա՝ Եգիպտոսի հետ սահմանին, որտեղ, ըստ նրա, մնացել են «Համաս»-ի շատ զինյալներ։

Եգիպտոսը նախազգուշացրել է, որ Ռաֆահի հարձակումը կարող է «աղետալի հետևանքներ» ունենալ Գազայում հումանիտար իրավիճակի համար:

XS
SM
MD
LG