Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց իր օրակարգում չունի, լրագրողներին ասաց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց, այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,- ասաց իշխանական պատգամավորը:
Նա նշեց, որ նման պայմանավորվածության համար երկու երկրները նախ պետք է ունենան կարգավորված հարաբերություններ, գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկեն անհրաժեշտության դեպքում։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանից գազ գնել, արդյո՞ք դա չի կարող տնտեսական անվտանգության խնդիր առաջացնել, Բաբկեն Թունյանը նշեց՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը, պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն ու ամենաշահավետն է:
«Իսկ վտանգեր էներգակիրների հետ կապված առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է: Ինչքան դու կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է, որ քո էներգետիկ անվտանգության մակարդակն ավելի ես բարձրացնում», - հավելեց նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը հնարավոր է գազ ձեռք բերի Ադրբեջանից։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ ասել է, որ Երևանը պետք է քննարկի Ադրբեջանից գազ գնելու հարցը։
Բաբկեն Թունյանը, իր հերթին, այսօր նկատեց՝ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները՝ միաժամանակ հավելելով. - «Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»:
Հարցին, թե հնարավո՞ր է ռուսական գազից հրաժարվել հանուն ադրբեջանականի, նա արձագանքեց. - «Եթե դուք մի տեղից առնում եք թթվասեր, մեկ էլ տեսնում եք՝ կողքի խանութում թթվասերը վաճառում են կրկնակի էժան, դա ձեզ կստիպի՞ հրաժարվել այն մի խանութից առևտուր անելուց, թե ոչ, այսինքն՝ ամեն ինչը կախված է տարբեր գործոններից։ Եթե կլինի այնպիսի իրավիճակ, երբ կզգանք, որ մեզ ավելի նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել, և դա հնարավոր է, ապա պետք է, բնականաբար, դրա մասին մտածել»։