Մատչելիության հղումներ

«Իրենք գիտեին, որ ես պատգամավոր եմ, հերթական ապօրինությունն է». Արթուր Խաչատրյանն ազատ է արձակվել


Սքրինշոթ՝ «24News»-ի էջից
Սքրինշոթ՝ «24News»-ի էջից

Հրազդան-Երևան մայրուղուց ոստիկաններն այսօր բերման ենթարկեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ մեքենաներով փակել էին ճանապարհը։

Ոստիկանները պահանջում էին բացել ճանապարհը։ Ընդդիմադիր Պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Արման Ղազարյանը միջամտեցին, ոստիկաններին բացատրեցին, որ մարդկանց սահմանադրական իրավունքն է բողոքի ակցիա անելը։

Մարդիկ չէին բացում ճանապարհը, անձամբ գործի անցավ Կոտայքի ոստիկանապետ Ռուբեն Դավթյանը. քաշքշեց պատգամավոր Խաչատրյանին ու հրելով հեռացրեց ճանապարհից։ Ապա նստեցրին ոստիկանական մեքենա։

Րոպեներ անց Արթուր Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ ոստիկանության Հրազդանի բաժնում է. - «Քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն էին իրացնում: Իրանք գիտեին, որ ես պատգամավոր եմ, հերթական ապօրինությունն է բռնապետական երկրի: Ծառայությունների ներկայացուցչից փորձում էի պարզել՝ իսկ ո՞վ է բացելու այն ճանապարհը, որը թուրքերն են փակել, էդ հարցերը հավանաբար, կարծեմ Դավթյան էր ազգանունը, դուր չեկավ, հրեց, հետո մոտ կես տասնյակ ոստիկաններ նստացրին մեքենան»:

Ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին ցուցարարներին։ Հրադզան-Երևան մայրուղու երթևեկությունը կաթվածահար էր մոտ մեկ ժամ։ Ընդդիմադիր պատգամավորին ավելի ուշ ազատ արձակեցին։

Բողոքի ակցիաներն այսօր այլ մարզերում ու Երևանում էլ են շարունակվել։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում մարդիկ խմբերով կարճ ժամանակով փակում էին ճանապարհները։ Ցուցարարները պայքարում են հայկական վերահսկողության տակ գտնվող նախկին ադրբեջանական գյուղերի վերադարձի դեմ։ Նրանք համարում են, որ դա միակողմանի զիջում է։

Առավոտյան Երևան չէին կարող մտնել բեռնատարները։ Երևան -Սևան մայրուղու մոտ ոստիկանները կանգնեցնում ու ստուգում էին մեքենաները։

Ի՞նչ էին ոստիկաններն առավոտյան փնտրում բեռնատարներում, բողոքի ակցիաների հետ են կապվա՞ծ կասկածները։ Ոստիկանության լրատվականից անորոշ պատասխանեցին. փոխանցեցին, թե ստուգումները երթևեկության անվտանգության նկատառումներով են։

Քաղաքացիները փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ Որոշ ժամանակ անց ոստիկանները բացեցին, մարդկանց բերման ենթարկեցին։

Երևանում կարճ ժամանակով կաթվածահար էին եղել Ազատության ու Արշակունյաց պողոտաները։ Փակվել էր նաև Գյումրի-Վանաձոր ճանապարհը։ Ցուցարարները նաև «նզովյալ», «հողատու» գրություններով պաստառներ են փակցրել մայրաքաղաքի վարչական շրջանների երևացող հատվածներում։

Ոստիկանությունը դեռ տվյալներ չի տրամադրում, թե այս պահին քանի ցուցարար կա բաժիններում:

XS
SM
MD
LG