Մատչելիության հղումներ

Մոսկվան ափսոսանք է հայտնում ՀԱՊԿ-ի հասցեին Երևանի շարունակվող քննադատությունների առնչությամբ


«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակավ քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության հանդեպ բոլոր պարտավորությունների պահպանումը՝ ՀԱՊԿ-ի կանոնադրային նպատակներին և սկզբունքներին համապատասխան»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքել 2021-2022 թվականներին ՀՀ սահմանների խախտումներին։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG