Հայաստանում ստեղծված մի քանի զինատեսակ է փորձարկվել, որոնք մոտ ապագայում հնարավոր է կիրառվեն Զինված ուժերում, այսօր հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Իրականացվել են մի քանի փորձարկումներ մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում», - ասաց Հայրապետյանը:
Նախարարը, սակայն, չհստակեցրեց՝ խոսքը պաշտպանակա՞ն, թե՞ հարձակողական զինատեսակների մասին է, և ի՞նչ արդյունավետության ունեն դրանք։ Հայրապետյանն «Ազատությանը» խորհուրդ տվեց հարցում ուղարկել, չբացառեց՝ հնարավոր է հավելյալ ճշտումներից հետո որոշ փակագծեր բացեն։
Առաջին անգամ չէ, որ Հայաստանը հայտարարում է ռազմարդյունաբերության ոլորտում սեփական արտադրանք՝ ԱԹՍ-ներ, ականանետներ, արկեր արտադրելու մասին։ Արդյո՞ք խոսքը արդյունավետ զինատեսակների մասին է, ու հավանակա՞ն է դրանց սերիական արտադրությունը։ Ոլորտի փորձագետները չեն շտապում հստակ գնահատականներ տալ։ Նաև այն պատճառով, որ ամեն ինչ չէ, որ հրապարակային է։
Ռազմական ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող «ԱՊՐԻ Հայաստան» կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ Հայաստանն ունի պոտենցիալ որոշ զինատեսակներ արտադրելու։
«Եթե համեմատություն փորձենք քաշել Ռուսական «Օրլան 10» հետախուզական ԱԹՍ-ների հետ, ինձ թվում է, որ օրինակ՝ դրանից ավելի բարձր կարգի մենք կարող ենք ունենալ տեղական ԱԹՍ: Էդ էն էր, ինչը պատերազմից առաջ՝ 20 թվին գնվել էր: Եթե մենք խոսում ենք ամերիկական ԱԹՍ-ների մասին, երևի այդ մակարդակի դժվար կլինի Հայաստանում արտադրել, բայց միջին կարգի, ինձ թվում է, որ լրիվ Հայաստանը կարող է ունենալ և պոտենցիալը դրա կա Հայաստանում ու կա գոնե մի 3-4 արտադրող, որ էդ միջին կլասի ապրանքը կարող է արտադրել», - ասաց Ներսիսյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այսօր դարձյալ փակածգեր չբացելով տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունը 122 միլիարդ դրամի՝ ավելի քան 300 միլիոն դոլարի պատվեր է տվել ռազմարդյունաբերական համալիրում ներգրավված հայաստանյան 25 ընկերության։
«Տարվա կտրվածքով ակնկալում ենք, որ պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ, սրանք մեր կանխատեսումներն են, մեր գնահատականներն են», - ասաց նա: