Ռուսաստանն ապօրինի է որակում արևմտյան պատժամիջոցները ռուսական արտադրության մետաղների նկատմամբ և հայտարարում է, որ դրանք ապակայունացրել են միջազգային շուկան: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա փոխանցմամբ, այդ պատժամիջոցները երկսայրի սուր են և կարող են վնասել դրանց հեղինակներին:
«Արդեն կա գների ապակայունացում, մենք կհետևենք հետագա զարգացումներին», - ասել է Պեսկովը:
Անցած շաբաթ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արգելք են սահմանել Չիկագոյի և Լոնդոնի բորսաներում ռուսական ալյումինի, պղնձի և նիկելի վաճառքի վրա: Այդ մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, դիմելով համատեղ գործողությունների, Ռուսաստանին և նրա մետաղ արտադրողներին զրկում են եկամտի կարևոր աղբյուրից», - ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ամերիկյան ընկերություններին արգելվում է արտահանել կամ վերաարտահանել 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արդյունահանված և արտադրված ռուսական մետաղները:
Մեծ Բրիտանիայի տվյալներով, Ռուսաստանի եկամուտը մետաղի արտահանումից 2022 թվականին արձանագրված 25 միլիարդ դոլարից 2023-ին պատժամիջոցների հետևանքով նվազել է մինչև 15 միլիարդ դոլար: