ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արգելք են սահմանել Չիկագոյի և Լոնդոնի բորսաներում ռուսական ալյումինի, պղնձի և նիկելի վաճառքի վրա: Այդ մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, դիմելով համատեղ գործողությունների, Ռուսաստանին և նրա մետաղ արտադրողներին զրկում են եկամտի կարևոր աղբյուրից»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Այսուհետ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) և Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) արգելվելու է ընդունել ապրիլի 13-ից արտադրված ռուսական մետաղները։ Բացի այդ, ԱՄՆ-ն արգելք է դրել ռուսական ծագման ալյումինի, պղնձի և նիկելի ներկրման վրա։
Ամերիկյան ընկերություններին արգելվում է արտահանել կամ վերաարտահանել 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արդյունահանված և արտադրված ռուսական մետաղները:
Մեծ Բրիտանիայի տվյալներով, Ռուսաստանի եկամուտը մետաղի արտահանումից 2022 թվականին արձանագրված 25 միլիարդ դոլարից 2023-ին պատժամիջոցների հետևանքով նվազել է մինչև 15 միլիարդ դոլար:
Bloomberg հանդեսի տվյալներով, այս տարվա մարտի վերջի դրությամբ Լոնդոնի մետաղների բորսայի պահեստներում ալյումինի 96 տոկոսը, նիկելի 62 տոկոսը և պղնձի 32 տոկոսը ռուսական ծագում են ունեցել: