«Մենք անընդհատ գտնվում ենք պատմական իրողությունների միջավայրում և մոռացության ենք տալիս, որ այսօր մենք խնդիր ունենք իրական Հայաստանն ամրացնելու», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իրական Հայաստանի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթ արած հայտարարություններին։
«Իրական Հայաստանը ոնց որ թե մեզ համար փոքր է, մենք միշտ ցանկացել ենք մեզ տեսնել ծովից ծով Հայաստանում՝ Տիգրան Մեծի ժամանակից մինչև հիմա, և չենք կենտրոնացել այն խնդիրների շուրջ, որը հենց պետք է մեզ ամուր պահեր իրական սահմանների վրա», - հայտարարեց Քոչարյանը։
Անցած շաբաթ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը Փաշինյանը հայտարարեց, որ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները հակադարձեցին Փաշինյանին։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեցին՝ իրական Հայաստանը մինչև Փաշինյանի իշխանության գալն էր, Հայաստանի Հայաստանի Հանրապետությունը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, իսկ Արցախի հարցը երբեք չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։
Քոչարյանն ասաց՝ Շարմազանովին չի մեկնաբանի։
«Համոզված եմ Լևոն Զուրաբյանն էլ կարդացել է Վանո Սիրադեղյանի հրաշալի ստեղծագործությունը պատմական Հայաստանի մասին․ ինչի լավն է լավ և ինչի են մեր քաղաքական ուժերը և մեր ժողովուրդն ընտրում պատմականը, որովհետև նրա համար պատասխանատվություն կրելը մի քիչ շատ ավելի հեշտ է, իսկ իրական Հայաստանի համար պետք է պատասխանատվություն կրես նրա գոյության, նրա պաշտպանության, ամրության, առաջին հերթին, պաշտպանված լինելու հարցում։ Ես կարծում եմ, որ Լևոն Զուրաբյանը կարդացել է, իսկ Վանո Սիրադեղյանը Ղարաբաղ կոմիտեի երևի ամենաառանցքային դեմքերից մեկնէ եղել և, որպես գրող, հրապարակախոս, նա հենց այնպես չէր գրել դա, որովհետև գիտակցել էր պատմական մեր իրողություններն ինչպես են խեղդում իրական խնդիրները լուծելու ճանապարհը։ Պատմականը մեր հպարտությունն է, պետք է չմոռանանք և պատմությունից պետք է դասեր անել և պետք է նաև ամենակարևոր դասը՝ մեր պատմական իրողություններն ինչի արդյունքում ենք կորցրել, կենտրոնանանք այն խնդիրների շուրջ, որ այնուամենայնիվ աշխարհակարգերի փոփոխությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք ունենալ անկախ պետություն և մեր խնդիրն է այդ պետության սահմաններն ամուր պահել և փոխանցել հաջորդ սերունդներին», - ասաց Քոչարյանը։
Քոչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․