Վաղ առավոտից խուճապահար ծնողները երևանյան մի քանի դպրոցից սկսեցին երեխաներին տուն տանել, որովհետև տելեգրամյան նորաբաց մի ալիք 10-ից ավելի դպրոցի համար էր նշել ու գրել, թե այնտեղ ահաբեկչություն են իրականացնելու:
Պուշկինի անվան դպրոցի աշակերտներին ու ծնողներին թեև դպրոցի տնօրինությունն ասել էր, որ քաղաքապետարանից և ԿԳՄՍ-ից իրենց փոխանցել են՝ «կեղծ լուր է, մի՛ անհանգստացեք», բայց դա ծնողներին չէր հանգստացրել։ Դպրոցի բակում հավաքված աշակերտներն էլ տելեգրամյան այդ ալիքում գրվածն էին կարդում, քննարկում։ Բակում ոստիկանների չնկատեցինք։
Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց՝ իրավապահներն ուսումնասիրում են հրապարակումը, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը դեպքին անդրադարձավ հրապարակումից միայն 15 ժամ անց ու հորդորեց խուճապի չմատնվել, երբ խուճապն արդեն տարածվել - ավարտվել էր։
ԱԱԾ-ն սա համակարգված տեղեկատվական ահաբեկում որակեց, տեղեկացրեց, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ընդ որում՝ չեն բացառում, որ նման դեպքերը կարող են կրկնվել։
Ամեն դեպքում ահաբեկչության մասին լուրը տարածած ալիքն արդեն փակ է, բայց մինչ այս պահը հստակ չէ՝ ով է կանգնած դրա ետևում, հեղինակները Հայաստանից են, թե արտերկրից։
Կրթության նախարարն այսօր ընդգծում էր՝ սա հիբրիդային պատերազմ է, երեխաները պետք է տեղեկատվական ճիշտ աղբյուրները տարբերակեն, բայց դպրոցներում, ասաց, դասերը շարունակվել են։
«Տարհանման որևէ կարիք չկա, - ասաց Անդրեասյանը՝ շարունակելով, - Մենք ունեցել ենք ծնողների կողմից անհանգստություն, ծնողները, բնականաբար, այդ տեղեկությունները կարդալով ու դրանք ընդունելով իբրև իրական փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց ուսումնական պրոցեսն առավոտվա դրությամբ նորմալ կազմակերպվում է, մենք կապի մեջ ենք քաղաքապետարանի կրթության վարչության հետ, դպրոցների հետ»:
Պուշկինի անվան դպրոցի փոխտնօրեն Նատալյա Ստեփանյանը խոստովանեց՝ չհաջողվեց մի խումբ ծնողների բացատրել, որ տեղեկությունը կեղծ է: Ծնողներից մեկն էլ ասաց՝ չէր կարող ձեռքերը ծալած նստել։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որ առաջիններից էր ֆեյսբուքյան էջում հայտարարել՝ տելեգրամի այդ հայտարարությունը կեղծ է, ասում է՝ վստահ է, որ պետական մարմինները փորձել են ինչ-որ բան անել, բայց միաժամանակ հանրային հաղորդակցության խնդիր է տեսնում:
«Փաստացի ստացվեց, որ մարդիկ մատնված էին խուճապի և ինքնուրույն ամեն դասարան, ամեն համայնք, ամեն դպրոց փորձում էր տակից դուրս գալ, ու դա, կարծում եմ, շատ լավ ցույց տվեց մեր խոցելիությունը: Եթե սա արվել է ուղղորդված մեր դեմ, մեր թշնամիներն էլ շատ լավ տեսել են, թե որոնք են մեր թույլ տեղերը», - ասաց Մարտիրոսյանը:
Իսկ տելեգրամում հայտնված հաղորդագրությունը միանգամից է կասկածելի թվացել մասնագետին. - «Որոնելիս արդեն միանգամից լինում է գտնել տառացիորեն դրան կրկնող տեքստերը պարզապես ուրիշ քաղաքների համար սարքած, ուրիշ երկրներում: Սա շատ-շատ տեղեր արդեն կրկնված կեղծիք է, որը պարզապես խուճապ տարածելու համար է եղել», - ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ փորձագետի՝ այսպիսի դեպքերում կրթական ոչ մի հաստատություն ինքնուրույն չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ անել, որովհետև պետական մարմինների կողմից մշակված հստակ կանոնակարգ չկա: