Խնձորեսկի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 541-րդ հոդվածի (սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը) առաջին մասով, «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով։
Քննչականից նաև «Ազատության»-ը ասացին, որ այս պահին գործով մեղադրյալ չկա։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հրապարակել է ապրիլի 10-ին տեղի ունեցած հրաձգության կապակցության ծառայողական քննության արդյունքները։
Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր՝ միջադեպի պատճառ է դարձել մոլորված հայ հովիվը։
ԱԱԾ-ն այսօր մանրամասնել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս․ «նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ»:
Ծառայությունը նաև նշել է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող:
ԱԱԾ-ն ապրիլի 10-ին հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել․ ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել, ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս ՀՀ տարածքում է: Ըստ հաղորդագրության, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի: ԱԱԾ-ն նշել էր, որ հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն և Ադրբեջանի սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության պատրաստակամություն հայտնել։