Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը:
Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
«Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», - ասաց ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով՝ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։
Դիտարկմանը, թե արդեն կես տարի է՝ պաշտոնյաները խոսում են շուտով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին և հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում հասնել խաղաղ համաձայնության, ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Մի քանի պատճառ կարող է լինել, բայց դատելով իմ տիրապետած տեղեկությունից, թե որտեղ է գործընթացը տարբեր ուղղություններով, ես նույնպես կարծում եմ, որ իրականում դա այդքան երկար չպետք է տևի դրական արդյունքի հասնելու համար, եթե կա քաղաքական կամք, եթե կա հանձնառություն։ Եվ մենք ուզում ենք այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Որովհետև ես, ինչպես ասացի, կարծում եմ, որ այդքան երկար դա չպետք է տևի, եթե երկու կողմից էլ կա քաղաքական հանձնառություն»։
«Եվրամիությունը աջակցում է նաև Հայաստան-Թուրքիա գործընթացին»
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից՝ Կլաարը շեշտեց՝ Եվրամիությունը աջակցում է նաև Հայաստան-Թուրքիա գործընթացին՝ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կհանդիպեն։
«Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ։ Եվ Եվրամիությունն անշուշտ, աջակցում է դրան: Ուստի դարձյալ հույս ունեմ, որ մոտ ապագայում այս գործընթացն իսկապես առաջ կգնա և արդյունքներ կտա՝ հանուն Հայաստանի, հանուն Թուրքիայի, հանուն տարածաշրջանի», - «Ազատության» հետ զրույսում ասաց ԵՄ ներկայացուցիչը։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ 2022-ի հուլիսին Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանը, սակայն, այս ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ Այլ տեսանելի առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում 2022-ից ի վեր չի գրանցվել։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում առաջարկեց հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Այս մասով դեռ որոշում չկա։