Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել են Թեհրանի և Անկարայի հարաբերություններին վերաբերող հարցեր։
Ըստ Mehr գործակալության՝ Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, Գազայում իրավիճակը։
Նշվում է, որ քննարկման օրակարգում նաև ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին Իսրայելի հարվածներն են եղել։
Երեկ նաև Թուրքիայի և Իրանի նախագահներն են նաև հեռախոսազրույց ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Թուրքիայի դիրքորոշման համար՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը դատապարտելու հարցում և ընդգծել, որ «այդ հանցագործությունն անպատասխան չի մնա»։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված օդային հարվածներից մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ սպանվեցին, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Խադի Խաջի Ռահիմին:
Իրանի իշխանությունները «վախկոտ հանցագործություն» որակեցին Իսրայելի օդուժի հարվածը՝ սպառնալով անպատասխան չթողնել։