«Հայաստանը բանակցություններում, և առաջին հերթին սահմանազատման վերաբերյալ բանակցություններում կարող է աջանորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա», - Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք կարող ենք պահանջել, հիմնավորել այն, ինչը որ իրավականորեն ամուր է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, և մեզ պետք էլ չէ հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքեր չունենք», - նշել է Միրզոյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր Ազգային ժողովում, խոսելով սահմանազատման աշխատանքներից, հայտարարեց, որ Երևանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից։
Փաշինյանը նաև ասաց, որ այդ գործընթացը չի երաշխավորում, որ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա նոր հարձակում չի լինի, բայց հակառակ գործելակերպը, ըստ վարչապետի, երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնել։