Ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Վերաքննիչը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխել ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին մեղսագրվող հանցանքի իրավական գնահատականը. վերջիններս մեղավոր են ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 2-րդ մասի 7-րդ («խմբի կողմից») ու 10-րդ («խուլիգանական դրդումներով») կետերով:
Առաջին ատյանի դատարանը 2022-ի ապրիլի 5-ի դատավճռով ամբաստանյալներին նույն ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով դատապարտել էր ազատազրկման 15-ական տարի ժամկետով:
Վերոհիշյալ անձանց Դատախազությունը մեղադրանք էր առաջադրել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով այն արարքի համար, որ նրանք, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, 2015-ի հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
2003-ի ապրիլին ընդունված ՔՕ 104-րդ հոդվածով սպանության համար սահմանված է ազատազրկում՝ 12-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքները մերժվել են, նաև հաղորդում է Դատախազությունը: