Զինվորը սպանված կուրսանտի հետ նույն սենյակում էր ապրում, պատմել էր, որ դեպքի գիշերը ականատես է եղել, թե ինչպես են ամբաստանյալները մտնում սենյակ, ծեծի ենթարկում Հայկազին։ Նախորդ դատական նիստի ժամանակ Տիգրան Դեմիրճյանը հայտարարել էր, թե նրանք մտել են սենյակ, սպանել Հայկազին ու տարել սենյակից։ Ըստ այսօր հրապարակված նախաքննական ցուցմունքների, ամբաստանյալները ծեծելուց հետո ասել են՝ մեռավ, իսկ Գնել Թևոսյանի՝ պատուհանից կուրսանտին նետելու առաջարկը վախեցել են իրականացնել՝ չբացահայտվելու նկատառումով։ Ի վերջո, Հայկազ Բարսեղյանի թևերն ընկած քարշ են տվել նրան սենյակից դուրս։ Այս դեպքից ժամեր անց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մարմինը հայտնաբերվել էր պտտաձողի վրա՝ կախված վիճակում։
Տուժող ճանաչված զինվոր Տիգրան Դեմիրճյանը հայտարարեց, որ թե՛ նախաքննական ցուցմունքներում և թե՛ դատարանում իրականությունն է ասել, իսկ եթե կան հակասություններ, ապա դրանք հետևանք են այն լարվածության, որն ի հայտ է եկել իր աչքի առաջ տեղի ունեցած հանցագործությունից հետո։
Հայկազ Բարսեղյանի հարազատներն ու մեղադրյալի աթոռին հայտնված զինվորներից մեկի մայրը այսօր կարճ վեճ ունեցան դատարանի միջանցքում։
19-ամյա կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Նորիկ Սահակյանի մայրը սպանված զինվորի հարազատներին իր կասկածներն էր փոխանցել, թե սպանության իրական մեղավորները ոչ թե ամբաստանյալի աթոռին նստածներն են, այլ կուրսանտի հետ նույն սենյակում ապրող ծառայակիցները։
«Լրացուցիչ տեղեկություն ունի, թող դատարանում հայտնի», - «Ազատության» հետ զրույցում բորբոքված ասում էր կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը․ - «Ասում ա՝ իմ էրեխեն մեղավոր չի, վեց հոգին են արել սենյակի: Ես էլ ասում եմ՝ վեցի հետևը ինչ-որ մեկը կանգնած կա՞ր, որ թիկունքում էին, որ այդ վեցին չձերբակալեցին, էկան ձեր էրեխեքին ձերբակալեցին: Թող տղուն ասի, որ ճիշտը պատմի․․․ Ոչ մի անգամ․ ասում ա՝ կեթամ ցմահ կնստեմ, բայց ընկերներիս չեմ ծախի․․․ Դե որ չես ծախում, ուրեմ էղել ա, որ չես ծախում, չես ուզում ծախես»:
Արկադի Բարսեղյանը համոզված է, որ որդուն սպանողները հենց 4 ամբաստանյալներն են՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալի որդի Գնել Թևոսյանն ու նրա երեք զինծառայող ընկերները՝ Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը․ - «Կարեն Բաղրամյանը մի հատ չքավոր ընտանիքից ա, էդ ի՞նչ թափ ունեն, որ Կարեն Բաղրամյանին որ պիտի բռնեին, կազմակերպիչն ինքն էր, չբռնեցին, գնացին դրան [Գնել Թևոսյանին] բռնեցին․․․ Եթե սխալ ըլներ, էդ գնդապետը լեզուն քաշած իրան կկանգներ, հա՞, թե՞ ամբողջ օրը նախարարության դեմը էսիմ ինչ կաներ»:
Ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը: Ավելին, Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը քանիցս հայտարարել է թե, կուրսանտը ինքնասպանություն է գործել։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին։