Մատչելիության հղումներ

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա


Հայաստանը, Եգիպտոսի աջակցությամբ, 29, 94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազա` ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծայրագույն պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի համար․ որոշումն այսօր կառավարության նիստում հաստատվեց։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոս կատարած այցի ընթացքում։

Օգնությունը հիմնականում ներառում է մթերք և դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվեց շուրջ 19 մլն դրամ, մինչև Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացրեց ներգին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մարտի սկզբին Եգիպտոս այցի և նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին ասել էր, որ Երևանը միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին նաև նշելով, որ Երևանը Կահիրեի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի` Հայաստանի կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32 և կես հազարը, վիրավորների թիվը մոտեցել է 75 հազարի:

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG