Մատչելիության հղումներ

«Համաս»-ի 24 գումարտակներից 20-ը ոչնչացվել է. The Washington Post


Ռմբահարման հետևանքը, Ռաֆահ, Գազայի հատված, 25 մարտի, 2024թ.
Ռմբահարման հետևանքը, Ռաֆահ, Գազայի հատված, 25 մարտի, 2024թ.

Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում իսրայելական բանակը ջախջախել է «Համաս» պաղեստինյան զինված խմբավորման 24 գումարտակներից 20-ը։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը:

Գազայի հատվածում իշխող «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է համարվում:

Ամերկյան օրաթերթը միաժամանակ նշում է, որ «ամբողջությամբ ոչնչացրել են» եզրույթը չի նշանակում, որ գրոհները վերապրած արմատականները չեն կարող շարունակել մարտական գործողությունները։

Ենթադրվում է, որ Գազայի հատվածում իսրայելական ուժերը ոչնչացրել են «Համաս»-ի 13 հազար գրոհայիններից մոտ 11 ու կես հազարին:

Ըստ իսրայելյան բանակի՝ մնացած չորս գումարտակները տեղակայված են Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի տարածքում և գտնվում են մարտունակ վիճակում:

«Բանակը մտադիր է անշեղորեն կատարել «Համաս»-ի զինյալներին ամբողջությամբ վնասազերծելու ծրագիրը»,- հայտարարել են իսրայելյան զինված ուժերի ղեկավարները:

Մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե Գազայի հատվածում «Համաս»-ի մնացած գումարտակների ոչնչացումն անհնար է առանց Ռաֆահում ցամաքային գործողության։

Պաղեստինյան անկլավի հարավում գտնվող այդ քաղաքում այսօրվա դրությամբ ապրում է մոտ 1 միլիոն 400 հազար մարդ՝ մեծամասնությունը տեղահանված փախստականներ:

Հակամարտությունը սկվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները հարձակվել են հրեական ավանների վրա: Զոհվել է մոտ 1200 իսրայելցի, հարյուրավոր մարդիկ պատանդառվել են:

Իսրայելի բանակի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 32 հազար պաղեստինցի: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG