«Մեր առաջնահերթությունը Գազայի խաղաղ բնակչության կյանքը փրկելն է», - այսօր Հորդանան կատարած այցի շրջանակներում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը այս պահին թիվ մեկ կարևորության խնդիր է համարում Գազայի հատվածում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։
«Մենք պնդում ենք, որ կրակը պետք է դադարեցվի։ Սկզբում մեր այս կոչը հարաբերականորեն միակն էր, բայց այժմ մենք տեսնում ենք, որ դրան միացող միջազգային հանրության դերակատարների թիվը գնալով աճում է», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ շարունակելով․ - «Աճում է նաև միջազգային այն դերակատարների թիվը, որոնք վստահ են, որ Ռաֆահում իրականացված ցանկացած ցամաքային գործողություն մարդասիրական աղետի կհանգեցնի»։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա:
Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Որոշ երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: