Մատչելիության հղումներ

Նեթանյահուն սեփական քաղաքական գոյատևումը վեր է դասում երկրի շահերից. Շումեր


ԱՄՆ սենատոր Չաք (Չարլզ) Շումեր, արխիվ
ԱՄՆ սենատոր Չաք (Չարլզ) Շումեր, արխիվ

ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը կոչ է արել Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել և պաշտոնանկ անել վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Սենատորի համոզմամբ, Իսրայելի և ԱՄՆ-ի երբեմնի կայուն և բարեկամական դաշինքում ի հայտ են եկել վտանգավոր ճեղքեր։

«Որպես ժողովրդավարական երկիր՝ Իսրայելն իրավունք ունի ընտրել իր առաջնորդներին: Անհրաժեշտ է նոր քննարկում Իսրայելի ապագայի վերաբերյալ», - ասել է բարձրաստիճան օրենսդիրը և ավելացրել. - «Իմ կարծիքով, դա անելու լավագույն միջոցը նոր ընտրությունների անցկացումն է»։

Իսրայելում հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է տեղի ունենան 2026 թվականի հոկտեմբերին։

Շումերը Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավում ծագումով հրեա ամենատարեց գործիչն է: Նրա հրապարակային հայտարարությունը, թե Նեթանյահուն սխալ ճանապարհով է գնում, կտրուկ հակասում է Գազայում Իսրայելի վարած քաղաքականության կապակցությամբ Իսրայելի քաղաքական ղեկավարներին ուղղակի քննադատելուց խուսափելու՝ ամերիկյան քաղաքական շրջանակների գործելակերպին:

Շումերը Սենատում 25 տարիների աշխատանքի ընթացքում մշտապես աջակցել է Իսրայելին: Այնուամենայնիվ, Գազայում իսրայելական գործողության բազմաթիվ զոհերը, Շումերի կարծիքով, սպառնում են Իսրայելին, որը կարող է վերածվել «վտարանդի երկրի», քանի որ վարչապետ Նեթանյահուն «սեփական քաղաքական գոյատևումը վեր է դասում երկրի շահերից»:

Ըստ Շումերի՝ Իսրայելի ղեկավարությունը պետք է արագ շտկի սխալները և միջոցներ ձեռնարկի Գազայի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:

Ի պատասխան Շումերի հայտարարություններին՝ Իսրայելի ղեկավարությունը կշտամբել է սենատորին: Վարչապետի առաջնորդած «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, թե «Իսրայելը բանանային հանրապետություն չէ», պնդելով, որ «բնակիչների ճնշող մեծամասնությունը սատարում է վարչապետի քաղաքականությանը»։

«Մենք ակնկալում ենք, որ սենատոր Շումերը հարգանք կդրսևորի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների նկատմամբ և չի փորձի խաթարել մեր կառավարության հեղինակությունը»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը նույնպես քննադատել է Շումերի խոսքերը և X սոցիալական ցանցում գրել, թե «ժողովրդավարական դաշնակցի ներքաղաքական հարցերը մեկնաբանելը ոչ միայն անօգուտ է, այլև հակաարդյունավետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG