«Սա որևէ, նույնիսկ լոկալ նշանակության գաղտնիք չի, էլ չասած՝ տիեզերական. Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ, դա եղել են տարածքներ զիջելու բանակցություններ», - ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, թե 2018-ին ընտրված Հայաստանի իշխանությունները պատրաստ էին տարածքներ զիջել:
«Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասել Հայաստանի Հանրապետության հանրությանը, բայց կարծում եմ՝ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ էդ բանակցությունները առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ», - ընդգծեց Միրզոյանը:
Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, մասնավորապես, թե «2018-ին, երբ Հայաստանում կառավարության փոփոխություն եղավ, համաձայնության հասնելու հնարավորություն կար, մենք այն ժամանակ Հայաստանի նոր կառավարության կողմից վստահեցումներ ստացանք, որ նրանք կգործեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն»: