ՄԱԿ-ը հուսով է, որ Ադրբեջանը և Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքեն: Այդ մասին այսօր Բաքվում՝ 11-րդ Գլոբալ համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների վերսկսումը և մյունխենյան հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք հավատում ենք և սպասում, որ հավելյալ քայլեր կարվեն խաղաղության և անվտանգության, ինչպես նաև առաջընթացի հասնելու և վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Ֆրենսիսն իր ուղդրձում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը հուսով է, որ երկու երկրների միջև կստորագրվի «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող խաղաղության համաձայնագիր»:
Երեկ Բաքվի 11-րդ Գլոբալ համաժողովի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը։
Ալիևն ընդգծեց, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ՝ շեշտելով՝ ժամանակն է վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էլ իր հերթին ընդգծեց․ - «Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը։ Կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել մինչև COP29-ը։ Մենք հավատում ենք դրան»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստի ժամանակ վերահաստատեց՝ Երևանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և սահմանների սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։