«Երևանում՝ թեքվելով դեպի Ֆրանսիան և ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելով Փարիզի հետ, չեն գիտակցում ոչ իրենց այսպես կոչված հովանավորների իրական մտադրությունները, ոչ էլ տարածաշրջանում ֆրանսիական ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Միամիտ է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե Ֆրանսիան ի վիճակի լիներ դա անել, կաներ այն տարածաշրջանում, որտեղ պայմանագրային պարտավորություններ էր ստանձնել և դրա համար գումար էր ստանում՝ Աֆրիկյան մայրցամաքում», - ասել է Զախարովան։
Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարվա հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին, անցած ամսվա վերջին էլ Հայաստան այցելեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
Այդ այցի նախորդ օրը Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ երկու երկրները շարունակելու են համագործակցությունը պաշտպանության ոլորտում: