Հայաստանի արտգործնախարարությունում մեկնարկել է Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի ու Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը։
Կոմբոսը երեկ է ժամանել Հայաստան, Միրզոյանի հետ հանդիպումից հետո, այսօր կողմերը համատեղ մամուլի ասուլիս կունենան։
Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կոնստանտինոս Կոմբոսի այցը հաջորդում է Հունաստանի պաշտպանության նախարարի այցին: Նիկոլաոս Դենդիասը Երևանում խոսել էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս հաջող եռակողմ պաշտպանական գործակցության մասին:
Դեռ 2023-ի հուլիսին Կիպրոսում տեղի էին ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել էին երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկել երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կողմերը նաև եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիր էին ստորագրել։