Մատչելիության հղումներ

Երևանն ու Թեհրանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը


Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարներն այսօր Թեհրանում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, հաղորդում է ՊՆ-ն։

Սուրեն Պապիկյանն ու և Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին խոսել են միջազգային և տարածաշրջանային հարցերի մասին՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

«Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասներ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, չեն հաղորդվում։

Այսօր Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասների:

Հայաստանը վերջերս պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ուղղությունների մասին է հայտնել։ Հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նա Երևան էր եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնակիցների հետ հայ -ադրբեջանական կարգավորումը քննարկելուց հետո։

Աբդոլլահիանը վերահաստատել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ողջունում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը։

Երեկ էլ Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում հանդիպել էին Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպումից հետո իրանական կողմը հայտարարեց՝ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG