Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով այսօր մեկնել է Իրան, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Անցած տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նա Երևան էր եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնակիցների հետ հայ -ադրբեջանական կարգավորումը քննարկելուց հետո։
«Իրանը ուզում է, որ Հայաստանի խաղաղությունն ու կայունությունը ապահովված լինի առանց արտաքին ուժերի միջամտության ու տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով հաստատվի հայ-ադրբեջանական խաղաղությունը», - Երևանում հայտարարեց Իրանի արտգործնախարարը։
Աբդոլահիանը վերահաստատեց՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ողջունում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ»-ի գաղափարը։
Երեկ էլ Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում հանդիպել էին Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպումից հետո իրանական կողմը հայտարարեց՝ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել։