«Ռոսֆինմոնիտորինգ» ("Росфинмониторинг") դաշնային գործակալությունը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին ներառել է «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցանկում:
Աշխարհահռչակ շախմատիստ և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ ընդդիմախոս Կասպարովը Ռուսաստանում մինչ այդ արդեն ճանաչվել էր «օտարերկրյա գործակալ»:
2023 թվականի դեկտեմբերին ՌԴ ՆԳՆ-ը հայտարարել է, թե Կասպարովի և «Ազատ Ռուսաստանի ֆորում» կազմակերպության համահիմնադիր Իվան Տյուտրինի գործողություններին «բնորոշ են հանցագործության նշաններ»:
Իրավապահներն այդ հայտարարությունը հրապարակել են, երբ երկու գործիչները կազմակերպել են աճուրդ, որից ստացված գումարը պետք է հատկացվի Ուկրաինայում Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացիների կողմից կռվող ռուսաստանցիներին և բելառուսցիներին:
Այդ մեղադրանքով Գարի Կասպարովը և Իվան Տյուտրինը կարող են դատապարտվել ընդհուպ 5 տարվա ազատազրկման։