Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի, իր նստավայրում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք միավորել են մեր ժողովուրդներին տասնամյակներ շարունակ՝ անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում շփվել ենք: Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի և՛ բովանդակության, և՛ ձևի առումով, բնականաբար, դա աջակցություն է ստանում նաև մեր երկրների հասարակությունների կողմից»,- ասել է Ալիևը:
Նա վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարին էլ նոր նվաճումներ կապահովի երկկողմ հարաբերություններում։
«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ համագործակցության ամրապնդման շրջանակներում նախանշված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվում են, ապրանքաշրջանառության աճը կազմել է 17 տոկոս և մոտեցել է 4.5 միլիարդ դոլարի շեմին։
«Բնականաբար, սա առավելագույնը չէ, վստահ եմ, որ պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Ձեր այցի ընթացքում, այս տարեվերջին և հաջորդ տարում մենք ականատես կլինենք փոխադարձ առևտրի էլ ավելի մեծ աճի»,- ասել է Ալիևը։
Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին վերջին ընտրություններում գրանցած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ։ «Սա ադրբեջանական ժողովրդի բարձր գնահատականն է այն բոլոր ջանքերի և ձեռքբերումների համար, որոնք արվում են Ձեր երկրում Ձեր ղեկավարությամբ»,- ասել է Միշուստինը:
Նա նշել է, որ Բաքվում իր այցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, որը ներառել է արդյունաբերության, տրանսպորտային ճարտարագիտության, գյուղատնտեսության, դեղագործության և տեխնոլոգիական նորարարական բնագավառները:
«Կցանկանայի նաև ասել, որ մեր անցակետերում տրանսպորտային կարողությունները հինգ անգամ ավելացել են», - ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Նրա փոխանցմամբ՝ երկու երկրները շարունակում են համագործակցությունը լոգիստիկայի ոլորտում։ «Դուք նշեցիք Հյուսիս-Հարավ միջանցքը: 30 միլիոն տոննան իսկապես լուրջ ծավալ է»,- ասել է Միշուստինը և ավելացրել. - «Իհարկե, դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի այնտեղ նեղ հատվածներ չմնան»: