Օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողն արդեն հայրենիքում է, ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են տարածել, որտեղ երևում է, որ նա հասել է Բաքվի օդանավակայան։
«Առողջությունս նորմալ է: Ինձ լավ եմ զգում։ Շատ ուրախ եմ հայրենիք վերադառնալուս համար: Ես գիտեի, որ նախագահ Ալիևն ինձ կփրկի գերությունից», - հայտարարում է Փենախովը:
Թե ինչպես է Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը տեղափոխվել Ադրբեջան, որ երթուղով՝ հայկական կողմը չի հստակեցնում։
Մինչ այս պահը պարզ չէ նաև՝ ինչի՞ դիմաց է Երևանը Բաքվին հանձնել օրեր առաջ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, արդյոք Ադրբեջանն էլ իր հերթին Հայաստանին կվերադարձնի՞ հայ գերիների. այս հարցերին առայժմ ո՛չ Կառավարությունից, ո՛չ էլ Պաշտպանության նախարարությունից չեն արձագանքում։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր հարցին հակիրճ պատասխանեց. - «Դա Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի գործառույթ չէ»։
Առայժմ հրապարակվել է միայն Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը, որը հայկական կողմի քայլը ներկայացնում է որպես բարի կամքի դրսևորում ու երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք՝ առանց հավելյալ մանրամասների։
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին», - երեկ հայտնել էին ԱԱԾ-ից։
Անցած դեկտեմբերին որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանն ազատ էր արձակել 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների, որոնցից մեկը դատապարտվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատի պահնորդին սպանելու համար։
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր չբացառեց՝ հնարավոր է՝ Փենախովին փոխանցելուց հետո Բաքուն էլ հայ գերիների վերադարձնի։
«Ի՞նչ ա՝ ամեն ինչը պիտի ուղիղ խոսանք, որ մեր թշնամին է՞լ իմանա մենք ինչ ենք անում, հա՞: Թշնամու հետ բանակցում ենք, բայց էս էլ բացեիբաց պետք չի, որ մենք մեր ամեն մի գաղտնիքը հելնենք, ասենք, ցրենք աշխարհով մեկ», - լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը:
Ադրբեջանական կողմի համաձայն, զինծառայողը մոլորվել էր վատ եղանակի պատճառով։ Երևանից փաստացի հաստատում են այդ տեղեկությունը։ Գլխավոր շտաբի պետն այսօր պնդեց, թե մեկ շաբաթ շարունակված քննությամբ պարզվել է՝ ադրբեջանցին ոչ թե դիվերսանտ է եղել, այլ՝ ծառայակիցների հետ միջադեպից հետո փախուստի է դիմել ու մոլորվել։
«Քննություն է անցկացվել համապատասխան քննչական մարմիններում, և նրա դիվերսանտ լինելու կամ չլինելու հարցը որոշվում է հենց Քննչական կոմիտեում կատարած գործառույթների արդյունքում», - ասաց Ասրյանը:
Ադրբեջանի բանտերում հիմա 23 հայ է պահվում, 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են, 6-ը՝ քաղաքացիական անձինք , 9-ը՝ ռազմագերիներ։