Երևանի քաղաքապետարանի առաջ հավաքված կոնդեցիները քաղաքապետ Տիգրան Ավինյանից պահանջում են պատմական թաղամասի օտարումից առաջ իրենց սեփականության նոր վկայականներն անվճար տրամադրել։
«Եթե չենք կարողանա, որտեղի՞ց վճարենք, պիտի ունենանք, բայց խեղճ կոնդեցին, որ ունենար, այդ բնի մեջ չէր ապրի, հիմա դղյակ առած կլիներ, ուրեմն չունի, որ այդ բներում ու կռիսների հետ են ապրում», - ասաց բնակիչներից մեկը։
Քաղաքապետարանը մերժում է այս պահանջը, ասում են՝ հին վկայականներում նշված թվերը չեն համապատասխանում այն քառակուսի մետրերին, որոնք բնակիչները փաստացի տնօրինում են: Այդ տարբերությունն իրենց անունով գրանցելու համար Կոնդի բնակիչները պետք է 1 քառակուսի մետր կադաստրային արժեքի՝ 139-214 հազար դրամի 2 տոկոսը վճարեն։ Դրա համար առավելագույնը 3 ամիս ժամանակ ունեն։
«Դա ֆիքսված գումար՝ 10 հազար է, 15 հազար է, մենք էլի որպես քաղաքացիներ պարտավորվում ենք վճարել, բայց ոչ թե մեր քառակուսու հաշվով բերեք, հաշվեք 2 տոկոս, ու դա ծանր բեռ է մեր ուսերին», - նշեց բնակիչներից մեկը։
Կոնդեցիներն ասում են՝ շուրջ 20 տարի առաջ են ստացել սեփականության վկայականները: Դրանից հետո՝ 2020թ.-ին, կառավարությունը 52 մլն դրամ է հատկացրել, և թաղամասի ներքին ու արտաքին չափագրումները նորից են արվել: Սպասում էին, որ 2021-ին քաղաքապետարանը դրանք անվճար կհաստատի, ինչպես 2 տասնամյակ առաջ: Այդ պահանջով 2021-ի սեպտեմբերից սկսած դիմումներ են ուղարկել քաղաքապետարան, բայց ապարդյուն։
Անցած տարվանից սկսել են նամակներ ստանալ՝ վճարեք կադաստրային գումարի 2 տոկոսը, որ ստանաք վկայականը: Այդ գումարները 100 հազարից մինչև ավելի քան 1 մլն դրամի են հասնում:
«Տներից դուրս չենք գա, մինչև չլուծվի այդ հարցը», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, մյուսը հավելեց. - «Մեզ ասել են՝ անվճար է լինելու, բայց դրա հետ մեկտեղ այնքան ձգեցին, բերեցին, դեկտեմբեր հասցրեցին, այսպես ծանր բեռի տակ են դնում։ Պարոն Ավինյանն էր ասել {անվճար} ընտրարշավի ժամանակ»։
Այսօր դժգոհ բնակիչները ոստիկանության աշխատակիցների հրավերով մտան քաղաքապետարան ու արագ դուրս եկան. - «Ինձ ոստիկաններն ասացին, որ ձեզ ընդունելու են։ Մենք գնացինք, տեսանք, որ իրենց նամակների վարչության պետն է ու ասում է՝ չէ, մեզ ասեք, որ… իյա, ձե՞ռք եք առնում»։
Քաղաքապետարանից փոխանցեցին՝ Ավինյանը շենքում չէ, իսկ պաշտոնական պատասխանն անփոփոխ է՝ կոնդեցիներին չեն ընդառաջի, այդ գումարը պետք է վճարեն այնպես, ինչպես բոլոր քաղաքացիները, հակառակ դեպքում Կոնդի օտարման ժամանակ, իրենց վկայականներում նշված քառակուսի մետրերի դիմաց փոխհատուցում կստանան, այսինքն՝ ավելի քիչ։ Կոնդեցիներին այդ տարբերակին դեմ են, ասում են՝ իրենք ի՞նչ մեղք ունեն, որ դեռ 2004-ին իրենց վկայականներում փոքր թվեր են արձանագրվել, այդ օրվանից պայքարում ու չեն կարողանում շտկել:
«Կապ չունի ով է այնտեղ նստած, իրենք իրավահաջորդ են, պարտավոր են նախկինում արած սխալները, թերությունները վերականգնել», - ասում էին նրանք։
Քաղաքապետարանի առաջ հավաքված բնակիչներին այսօր լսեցին ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների ավագանու անդամները. - «Մենք ոչ մի օրինագծի կողմ չենք քվեարկել, շատ դեպքերում անգամ բոյկոտել ենք, մենք ընդդիմություն ենք, մենք ավագանու որոշումներն ենք միայն քննարկում, այլ բան, որ ձեր բարձրացրած հարցերը մենք կարող ենք ավագանու նիստի ժամանակ բարձրաձայնել և լուծումներ պահանջել, ստիպենք, որ պատասխանեն»։
«Հանրային լսումներ, արտահերթ նիստ»,- սա էր ընդդիմադիրներին ուղղված կոնդեցիների պահանջը։
ՔՊ-ի հետ Երևանի կառավարումը կիսող «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանն ասաց. - «Պետք է վերանայեն, որ նույն այդ երկու տոկոսը վճարվի այն դեպքում, երբ արդեն վաճառքի իրացումը կլինի։ Ես վստահ եմ, ու ժամանակը նաև ցույց կտա, որ Կոնդի տները չեն վաճառվելու առաջ, ոնց եղել է, այդ ընթացակարգով, որ կոպեկներով մարդկանց, Հյուսիսային պողոտան ավերելով, ծեծելով, ջարդելով հանում էին իրենց տներից, համարժեք և մի բան էլի ավելի ստանալու են։ Այդ երկու տոկոսը չի զգալու կոնդենցին վճարելու դեպքում»։
Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք Կոնդ թաղամասի վերակառուցման հարցը միշտ օրակարգում է եղել: Նախորդ տարեվերջին քաղաքապետարանը հայտարարեց, որ 7 նախագիծ է հաղթել միջազգային բաց մրցույթում: Դեռ պարզ չէ՝ երբ կամփոփվի մրցույթի երկրորդ փուլն. ու ովքեր կլինեն 17-րդ դարից պահպանված թաղամասի կառուցապատողները: