Կոնդում չկան կոմունալ այն նույն պայմանները, ինչի քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, բայց բնակիչները հեշտությամբ չեն համաձայնի Կոնդից հեռանալ։
«Ստեղ 70-80 տարի ապրել են, ծնվել են ստեղ, ոչ ոք չի համաձայնվի ստեղից գնա ուրիշ տեղ ապրելու», - ասաց բնակիչներին մեկը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Քաղաքաշինության կոմիտեն պատրաստվում են հայտարարել թաղամասի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ, ընտրել հաղթողների, հանձնել մրցանակներ, հաղթող տարբերակներից մեկն էլ փորձել կյանքի կոչել ներդրողների հետ։
Մրցույթի նպատակներում գրված է, որ ցանկանում են կանխել կոնդեցիների արտագաղթը, ակտիվացնել Կոնդի տնտեսությունն ու տուրիզմը, ստանալ ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք կպահպանեն Կոնդի միջավայրը, կվերականգնեն քանդված հնությունները, բայց նաև կարդիականցնեն թաղամասը։
«Դա տարածք ա, որը որևէ վերանորոգման, որևէ փոփոխությունների չի ենթարկվում։ Իսկ մի բանը, որ չես հոգ տանում, աստիճանաբար սկսում ա իրա արժեքները կորցնել», - «Ազատությանն» ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։
Նրա խոսքով՝ Կոնդը մարգարիտ է քաղաքի կենտրոնում, ու դրա վերակառուցման հարցին նոր չէ, որ որոշել են անդրադառնալ։ Հարցը եղել է օրակարգում դեռ խորհրդային տարիներից. մի կողմից ցանկանում են Կոնդը դարձնել այցելուների համար գրավիչ ու պատմական թաղամաս, մյուս կողմից՝ պետք է լուծեն բնակիչների կումունալ խնդիրները․ - «Կան էս ընթացքում խնդիրներ, որոնք կապված են և՛ ինժեներական ենթակառուցվածքների հետ, և՛ կոմունիկացիաների հետ, և՛ փողոցների անցանելիության․․․ բազմաթիվ խնդիրներ կան։ Իսկ էնտեղ ապրում են մարդիկ»։
Քաղաքաշինության կոմիտեից հավաստիացնում են, որ ոչինչ չեն անելու առանց հանրային լսումների թե՛ բնակիչների, թե՛ մասնագետների, թե՛ առհասարակ երևանցիների հետ։
Մինչ այդ ճարտապարետ Սերգո Տոնոյանի աչքի առջև տարիների վատ փորձն է․ Երևանի որևէ հին հատված, որևէ իշխանության օրոք չի ստացվել վերականգնել առանց անճանաչելիորեն փոխելու կամ հին ու արժեքավոր շենքեր քանդելու․ - «Վտանգ կա, որ, ինչպես տարբեր հայտնի դեպքերում, այստեղ էլ կարող է ստեղծվել տարածքի ձևափոխման, որևէ այլ կերպարի իմիտացիայի ստեղծումը։ Այո, պետք է դա բարեփոխել, բարեկարգել, բայց ամբողջությամբ այն փոխելը սխալ է լինելու, ստեղծվելու է նույն իմիտացիաի երևույթը, երբ մենք գոյություն ունեցող միջավայրը ամբողջությամբ քանդում ենք և արհեստական ինչ-որ մի նոր, ցանկությունների, պատրանքների վրա հիմնված ինչ-որ մի նոր տարածություն ենք փորձում ձևավորել»։
Կոնդի բոլոր նրբանցքներին ու գաղտնի մուտքերն անգիր իմացող Տոնոյանը ծանոթացել է նաև Կառավարության առաջարկած հայեցակարգային մրցույթի նախագծին։ Այն, ինչ նկարագրված է այնտեղ, պահանջում է առնվազն մի քանի տարվա նախապատրաստական աշխատանք, բազմամիլիոնանոց ներդրումներ, տարիների կառուցապատում․ - «Ճարտարապետության մեջ անհնարին ոչինչ չկա, բայց այդպիսի հավակնոտ ծրագրի իրականացմանը հասնելու համար, ես ձեզ վստահեցնում եմ՝ մեկ, երկու տարին էլ նույնիսկ բավարար չի նախապատրաստվելու։ Սա թե՛ սոցիալական բաղադրիչն է՝ բնակիչների տեսլականը, բնակիչների իրավունքը, սեփականությունների իրավունքը, թե՛ ենթակառուցվածքային զարգացումը։ Արդյո՞ք հնարավոր է այդ ամեն ինչը համատեղել այս թաղամասում, և ենթակառուցվածքները կկարողանա՞ն իսկապես սպասարկել այդ պահանջները»։
Երևանի գլխավոր հատակագծում ժամանակին անդրադարձ չի եղել Կոնդի կառուցապատմանը։ Խորհրդային տարիներին թաղամասի վերակառուցման երկու մրցույթ է անցկացվել, սակայն բանը չի հասել նախագծերի իրականացմանը տարբեր պատճառներով։
Միանշանակ է մեկ բան, որ դեռ 80-ականներից մինչև օրս մասնագետների շրջանում համաձայնություն կա, որ թաղամասը պետք է փորձել վերակառուցել՝ պահպանելով եղածը, չփչացնելով կոլորիտը։
«Կոնկրետ գործող Կառավարությունը ծայրից ծայր ձախողեց մեկ այլ պատմական թաղամասի զարգացման ծրագիրը։ Խոսքը Ֆիրդուսու մասին է։ Եվ դա մինչև վերջ հորով-մորով չարած՝ հիմա իրենք թաթ են դնում Կոնդի վրա։ Շտապողականությունը հուշում է, որ կրկին ներդրումների պատրվակի տակ իրենք փորձում են ինչ-որ մի տնտեսական աճ ապահովելու համար ինչ-որ բան անել»։
Կոնդի ամենահայտնի հատվածը հին մզկիթի բակն է։ Կիսաքանդված ու խարխուլ մզկիթի ներսում 5 ընտանիք է ապրում՝ ահը սրտերում, որ եղած պատերն էլ ամեն պահի կարող է քանդվեն։
Սաթենիկ Սաֆարյանը այստեղ ապրող երրորդ սերունդն է։ Նրա տատիկը գաղթել է Կարսի նահանգից, միանգամից մի քանի ընտանիքներ տեղավորվել են լքված մզկիթի տարածքում, ու ապրում են արդեն գրեթե մեկ դար։
Ասում է, որ սպասում են, թե ինչ կառաջարկեն իրենց․ - «Մենք էլ մեր հարմարությանը նայենք․ հարմար կլինի գնա՞նք, թե՞ հարմար կլինի սպասենք, կառուցեն։ Իհարկե, չենք ուզենա, որ գնանք։ Հենց էստեղ էլ կուզենանք ապրենք»։
Սաթենիկի նման լավատես չէ բակի ամենահին բնակիչը՝ Գարուշ Վարդանյանը։ Նա չի հավատում, թե մի օր Կոնդը կվերակառուցվի։ Դեմքով հիշում է բակ այցելած բոլոր կառուցապատողներին, գեղեցիկ խոսքեր են ասել, ապա հեռացել։ Նա զարմանում է, թե ինչու ներդրողներին չի գրավում Կոնդը. – «Հողի մեջ մարդիկ փտում են, թող գան ստեղ սարքեն։ Կան հարուստներ, բայց դե խի չեն գալիս ստեղից առնեն հողը․․․ գնում են ուրիշ տեղերից են առնում, կամ քաղաքի մեջ պատը պատին կպած շենքեր են գցում։ Թող գան ստեղ գցեն»։