«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնեմասերի 20 տոկոսը պետությանն է. Կառավարությունն այսօր ընդունեց ընկերության խոշոր նվերը, ընդ որում՝ բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմն է կառավարելու։ Մնացել են միայն թղթաբանական հարցերը՝ շուտով պայմանագիր կկնքեն։
«Ոչ մեկ թող սենց խեթ հայացքով մեզ չնայի», - Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - «Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը»:
Վերջերս սեփականատիրոջը փոխած «ՄՏՍ Հայաստան»-ը պետությանը 20 տոկոս բաժնեմասեր նվիրաբերելու մասին տեղեկացրեց պետության իրարամերժ որոշումներով ուղեկցված վաճառքի գործընթացի ավարտին։ Սկզբում կարգավորող հանձնաժողովը չէր թույլատրել «Վիվա»-ի վաճառքը, պատճառաբանել էին՝ այն կարող է վնաս հասցնել Հայաստանի ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։ Կես տարի անց, սակայն, նույն գնորդի կողմից նույն ընկերությունը ձեռք բերելու հայտը նույն պետական մարմինը բավարարեց։ Ու՝ ոչ մի բացատրություն, թե ինչպես չեզոքացվեցին այդ վտանգները։
Գուցե բաժնեմասերի 20 տոկոսի փոխանցման պայմանո՞վ է պետությունը համաձայնել, ինչո՞ւ և ինչպե՞ս փոխեցին դիրքորոշումը. այս հարցերին հստակ պատասխաններ չկան։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կուլիսային պայմանավորվածություններ է տեսնում:
«Առայսօր այդ պայմանավորվածությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, և այդտեղ է հիմնական խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Պարսյանը:
«ՄՏՍ Հայաստան»-ը Կիպրոսում գրանցված FEDILCO GROUP LIMITED ընկերությունն է գնել։ FEDILCO-ի իրական շահառուներն, ըստ կապի օպերատորի, Չժե Ջանգն ու Կոնստանտին Սոկոլովն են՝ ընկերությունը նրանց որպես պրոֆեսիոնալ ներդրողներ է ներկայացնում։ «Հետք»-ն, ուսումնասիրելով այս անձանց գործունեությունը, եզրակացրել էր՝ նրանք պարզապես կառավարիչներ են ու աշխատում են իրական սեփականատերերի համար, որոնք երևալ չեն ուզում:
Այսպիսով, Կառավարությունը երեք տարվա ընթացքում արդեն երրորդ խոշոր ընկերությունից է նվիրատվություն ստանում. ավելի վաղ պետությանը բաժնեմասեր էին փոխանցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Լիդիան Արմենիա»-ն:
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ իրենք դռներ չեն թակում, ներդրողներն իրենց կամքով են նվերներ անում. - «Մենք էդպիսի դեպք չունենք, որ մարդու դուռը ծեծենք, ասենք՝ հարգելի գործարար, ներդրող, հիմա քո ունեցածի 20 տոկոսը մերն ա», - ավելի վաղ հայտարարել էր վարչպետը:
Ընդդիմախոսները, սակայն, այս ամենում մեծ ռիսկեր են տեսնում:
«Նույն ձևով, ինչպես էսպես անհիմն գույք են, եթե ասում եք, նվեր տվել, էդ նույն չափով դատապարտելի ա, որ առանց հիմքի գույք ես վերցնում, և մնացած բոլոր դրա հետևանքներն ու ռիսկերը հաշվի չառնելով: Ի վերջո դա տեսնում են մեր պոտենցիալ ներդրողները, և դա մեծ և էական ռիսկ ա», - խորհրդարանում հայտարարել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Ի տարբերություն վարչապետի վստահեցումների, գործադիրում ավելի զգույշ արտահայտվողներ էլ կան: Ֆինանսների նախարարն, օրինակ, ընդունում է՝ խնդրահարույց է, երբ հանրությունն ու ներդրողները տեղյակ չեն լինում, թե ինչպես են նման գործարքներ տեղի ունենում:
«Եթե հանրությունը տեղյակ չի, թե ինչպես ա տեղի ունենում ամեն ինչ, էստեղ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ներդրումային միջավայրի հետ կապված, և մենք էստեղ պետք է շատ զգույշ լինենք», - անցած ամիս հայտարարել էր Վահե Հովհաննիսյանը:
Վարչապետի խոսքով՝ պետության ուղիղ մասնակցությունը բիզնեսին ռազմավարական այս ոլորտի թափանցիկությունը կապահովի։ Ասում է՝ այլ տարբերակ էլ կա՝ ընկերություններին հորդորելով բացել դռները. - «Որ ոչ թե Կառավարությանը նվիրատվություն անեն, այլ բաց բաժնետիրացման քաղաքականությունը վարեն: Գիտենք՝ ինչպես են կառավարվում մարդկանց անձնական տվյալները, գիտենք՝ ինչպես ա կառավարվում մարդկանց հաղորդակցության և անձանց կյանքի գաղտնիությունը, ինչպե՞ս ա ապահովվում, դրա պատասխանատուն ո՞վ ա ի վերջո՝ Կառավարությունը, և Կառավարությունը պետք ա ունենա գործիքներ: Եթե Կառավարությունը... ընդ որում, սա ամենալավ տարբերակը չի, որ Կառավարությունն ունենա գործիքներ, ամենալավ տարբերակն էն ա, որ հանրությունն ինքը ունենա գործիքներ: Հանրության գործիք ունենալու ձևը հրապարակային առաջարկն է բաժնետիրական ընկերություն դառնալու»:
Ֆինանսների նախարարը հիշեցնում է՝ պետությունը հիմա էլ է վերահսկում կապի ոլորտը, այս բիզնեսները հատուկ կարգավորումների են ենթարկվում։ Փաշինյանն արձագանքում է՝ եղածը բավարար չէ, ավելի բարձր մակարդակի թափանցիկություն է պետք։
«Կարգավորման և թափանցիկության հետ կապված խնդիրները ինչ-որ ձևով հասցեագրված են», - ասաց Հովհաննիսյանը:
«Էն թափանցիկությունը, որ կա, դա ձեռնտու չի», - արձագանքեց վարչապետը: