Մատչելիության հղումներ

«ՄՏՍ-Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերեց կառավարությանը


«ՄՏՍ-Արմենիա» ընկերությունը որոշել է իր 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրաբերել Հայաստանի կառավարությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց ընկերությանը։

«Ուզում եմ ընդգծեմ, որ սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Կարծում եմ, որ ընդհանրապես, մենք պետք է ընկերություներին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովվի ընկերությունների կառավարման գործում։ Այս առումով ուզում եմ ընդգծել հատկապես հեռահաղորդակցությունը և էլի մի շարք ռազմավարական ոլորտներ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով՝ կառավարությունն այս նվիրատվությունն ընդունելով նաև այլ ընկերությունների է ուղերձ հղում, որ ոչ թե կառավարությանը նվիրատվություն անեն, այլ բաց բաժնետիրական քաղաքականություն վարեն, որը թափանցիկություն կապահովի։

«Եթե հորդորները, աջակցությունը, խնդրանքը չազդի, մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների», - հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմը։

«Ասել՝ դու բաց բաժնետիրական ընկերություն ես, ուրեմն էս դեպքում էս հարկն է գործում, եթե բաց բաժնետիրական չես, ուրեմն էս հարկն է գործում, ընդ որում, պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով», - եզրափակեց գործադիրի ղեկավարը։

Այս տարվա հունվարի վերջին կապի օպերատոր «Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացրեց, որ դադարում են ռուսական «ՄՏՍ»-ի մաս կազմել։ Ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված FEDILCO GROUP LIMITED-ին։ Այդ ժամանակ ընկերությունը նաև հաղորդեց, որ մտադիր են բաժնեմասերի 20 տոկոսը անհատույց փոխանցել պետությանը՝ հաշվի առնելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար»։

Այս տարվա հունվարին Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ն նաև հայտարարեց իր բաժնեմասերի 12,5 տոկոսը կառավարությանը փոխանցելու մասին։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվեց Էկոնոմիկայի նախարարությանը։ 2021-ին էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր 15 տոկոս բաժնետոմսերը նվիրեց կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG