Բեռլինում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի երկկողմ հանդիպումը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ -ի մամլո ծառայությունը:
Մինչ այդ նախարար Բերբոքը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության, նախարար Բայրամովը վստահեցրել է՝ «Բաքուն լի է վճռականությամբ տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ծրագիրն առաջ մղելու գործում»։
«Այդուհանդերձ Հայաստանի կողմից շուրջ 5 ամիս պայմանական սահմանին տևած կայունությունը խախտելը նպատակ ուներ վնասել խաղաղ գործընթացին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպմանը Բայրամովը Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու իրավա-քաղաքական գործընթացներն է մատնացույց արել և հերթական անգամ պնդել, որ դրանցում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան։