Մատչելիության հղումներ

Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավոր


ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, Երևան, 28-ը փետրվարի, 2024թ.
ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, Երևան, 28-ը փետրվարի, 2024թ.

Դավիթ Բալայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին միայն 32 ընդդիմադիրները: Իշխանությունը պարզապես բոյկոտեց քվեարկությունը: Իսկ թե ինչու՝ պարզ դարձավ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթից, որն ակնարկեց, թե Բալայանն իրենց նախընտրելի թեկնածուն չէ:

«Այո, մենք ուզում ենք ծայրահեղ բարձր պրոֆեսիոնալիզմ, այո, մենք ուզում ենք ծայրահեղ բարձր մակարդակի ապաքաղաքական մոտեցում, այո, մենք ուզում ենք ծայրահեղ բարեվարք թեկնածուներ ունենալ Ազգային ժողովի ամբիոնում», - հայտարարեց Վարդանյանը:

48-ամյա Դավիթ Բալայանն ավելի քան 20 տարվա դատավոր է։ Նրա թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը՝ ընտրություն կատարելով երեք դատավորի միջև։

Իշխանական պատգամավորն ասաց՝ գուցե իրենց թերացումն է, որ հստակ մեսիջ չեն ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովին, թե ինչ որակ են ակնկալում նրանցից։

«Մեր թերացումներից մեկն է, որ մենք Դատավորների ընդհանուր ժողովին չենք ներկայացրել, թե մենք ինչ որակներ ենք պահանջում Սահմանադրական դատարանի դատավորից, որպեսզի Դատավորների ընդհանուր ժողովն էլ համապատասխան որոշում կայացնի, հակառակ դեպքում ինստիտուցիոնալ անհարգանքը շարունակվելու է: Մենք շատ հստակ պետք է լինենք օրենսդիր իշխանություն - դատական իշխանություն հարաբերությունների շրջանակներում», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Դավիթ Բալայանը հակադարձեց. - «Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ հարգանքին, պարոն Վարդանյան, կարծում եմ, որ դատական իշխանության հետ փոխադարձ հարգանքը մեսիջներով չպետք է արտահայտվի: Եվ չհասկացա՝ Դուք ինչու եք կասկածի տակ դնում իմ մասնագիտական գիտելիքը, նաև ասում եք ավելի, չգիտեմ, բարեվարք թեկնածու: Միգուցե Դուք ծանոթ չեք, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իմ բարեվարքության վերաբերյալ՝ առանց որևէ վերապահման»:

Իշխանականները, սակայն, այդպես էլ չհստակեցրին, թե դատավոր Բալայանի գործունեության որ մասն են համարում ոչ պրոֆեսիոնալ, կամ այդ ինչ քաղաքական վարքագիծ է նա դրևսորել, և արդյոք նկատի ունեն նրա հրապարակային քննադատությունը իշխանության նախաձեռնած դատական ոլորտի բարեփոխումների մասին, կամ էլ 2019 թվականին նրա բողոքը դատարանում։

Հինգ տարի առաջ, երբ վարչապետ Փաշինյանի հորդորով քաղաքացիներն արգելափակեցին դատարանների մուտքերը, Բալայանը փորձել էր պատուհանով մուտք գործել աշխատավայր։ Չնայած բողոքի ակնհայտ այս քայլին՝ նա այդ օրը խուսափել էր գնահատական տալ Փաշինյանի գործողություններին:

«Ո՞նց արձագանքեմ, նայեք, էլի, արձագանքում եմ: Նախաձեռնողներին հարցրեք [հնարավոր հետևանքների մասին]: Ես էս գործը վաղը կարող է քննեմ, ինչ իմանամ, չեմ կարող, ըստ այդմ», - «Ազատության» հարցերին պատասխանելով ասել էր դատավորը:

Այսօր, երբ իր ամփոփիչ ելույթի ժամանակ Բալայանը դիմեց իշխանական պատգամավորին՝ «հա՞րց ունեք», միջամտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. - «Պարոն Բալայան, էլ հարցեր չեն կարող, սա Ձեր եզրափակիչ ելույթն էր, բայց Դուք ժամանակ ունեք 10 րոպեից ավել, խնդրեմ, եթե ինչ-որ մտքեր կան...»:

«Իրավունք չունեք հարց տա՞ք, հա՞, տենց ա Կանոնակարգը՞», - արձագանքեց Բալայանը, Սիմոնյանն էլ պատասխանեց. - «Դե օրենք գոյություն ունի, մեր մոտ օրենքով է, չգիտեմ որտեղ ոնց: Կանոնակարգ սահմանադրական օրենքով այս պահի դրությամբ Ձեր եզրափակիչ ելույթն է»: «Այ, եթե ընտրվեմ, տենց փոփոխության առաջարկ լինի...», - կատակեց ՍԴ դատավորի թեկնածուն:

Չնայած Բալայանից դժգոհելու փաստին՝ իշխանականներն այսօր, ըստ էության, շատ սուր հարցեր չէին տալիս նրան։ Քննարկման սկզբում Արթուր Հովհաննիսյանը պահանջեց գնահատական տալ 2018 թվականի քաղաքական փոփոխություններին. - «Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այդ գործընթացներն, այդ փոփոխությունները՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

«Քանի որ դեռ դատավոր եմ, այս դահլիճից դուրս գալուց հետո, անկախ Ազգային ժողովի կողմից կայացված որոշումից՝ պետք է շարունակեմ պաշտոնավարումը իմ, բայց ընդհանուր իմ գնահատականը տամ՝ որպես քաղաքացի. իրողություն է, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի է ունեցել հեղափոխություն, ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխություն, որևէ մեկը չի կարող դա կասկածի տակ դնել, որ, ինչ-որ, ընտրությունները կեղծվել են, կամ ... աբսուրդ կլինի, էլի, էդ մասին խոսելը», - պատասխանեց Դավիթ Բալայանը:

Ի դեպ, չընտրված թեկնածուի հայրը՝ Կիմ Բալայանը, Սահմանադրական դատարանի դատավոր էր 15 տարի, 2020 թվականի պատերազմից շաբաթներ անց հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Փաշինյանի նկատմամբ։ Պնդել էր, որ 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հայտարարությունն իրավական ուժ չունի, քանի որ նման միջազգային փաստաթղթերը պետք է վավերացվեն խորհրդարանում, հետևաբար՝ Փաշինյանն իրավունք չունի հայտարարության հիման վրա Արցախից ու Հայաստանից տարածքներ զիջել Ադրբեջանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG