Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։
Զելենսկին, սակայն, չի նշել վիրավորների ու անհետ կորածների թիվը։
Այդ թիվը, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է: Վերջին անգամ Կիևը 2022-ի վերջին է ներկայացրել իր մարտական կորուստների քանակը. այն ժամանակ նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը հաղորդել էր 10-ից 13 հազար զինվորի զոհվելու մասին։
Փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը 180 հազար է, վիրավորներինը՝ կես միլիոն: Ռուսաստանը չի հրապարակում իր պատերազմական կորուստները։
Նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի կորուստները գնահատել էր 300 հազար: