Խաղաղությունը միայն հայկական կողմից չի կախված, կախված է նաև մյուս կողմից, «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցադրմանը, թե կարելի՞ է ասել, որ խաղաղություն բերելու խոստումը իշխանությունը չի կատարում։
«Մենք համարել և համարում ենք, որ մեր սուրբ պարտականությունն է պահպանել Հայաստանի Հանրապետության սուվորեն տարածքը՝ միջազգայնորեն ճանաչված, դիվանագիտական, ռազմական, բոլոր միջոցներով», - ասաց նա։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Վարչապետը «Ֆրանս 24»-ի հետ զրույցում նորից Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին է խոսում։ Դա լսող հայաստանցու եզրահանգումը կարող է լինել, որ խաղաղություն բերելու խոստումը չեք կատարում։
Արսեն Թորոսյան. - Մենք ասել ենք, որ մենք ուզում ենք, որ այդ խաղաղությունը տեղի ունենա, կարծում ենք, որ դա կարևոր է մեր երկրի, մեր քաղաքացիների համար՝ զարգանալու, պետականությունը պահպանելու և այլն։ Եվ մենք այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում, բայց պարզ է, որ խաղաղությունը միայն մեզնից չի կախված, կախված է նաև մյուս կողմից։ Հիմա մյուս կողմի դեստրուկտիվ քայլերին մենք շատ հեշտությամբ, և դա ամենահեշտ լուծումն է իրականում, կարող էինք նույն դեստրուկցիայով չէ՞ արձագանքել՝ իրենք կրակում են, դու նույն ձև կրակում ես, և սկսվում է կռիվը։
Դա, իհարկե, չի նշանակում, որ երբ որ լինում է հարձակում քո տարածքի վրա, դու չպետք է պաշտպանվես, և մենք հենց դրան էլ նաև պատրաստվում ենք անկախ դեպի խաղաղության գործընթաց գնալուց, բայց անել այլ բան, քան այդ ուղղությամբ գնալն է, ես չեմ պատկերացնում։ Ես չեմ հասկանում մեր ընդդիմախոսներին, որոնք ասում են՝ խաղաղությունը տապալել եք, խաղաղությունը չստացվեց։ Ենթադրենք, այսօր դեռ չստացվեց, ի՞նչ են նրանք առաջարկում։
«Ազատություն». - Դադարեցնել զիջումների քաղաքականությունը։
Արսեն Թորոսյան. - Իսկ ի՞նչ ենք մենք զիջել, մենք ոչինչ չենք զիջել։
«Ազատություն». - Պարոն Թորոսյան, նշաձողի իջեցումից սկսած, որը ավարտվել է Արցախի կորստով։
Արսեն Թորոսյան. - Ի՞նչ է նախորդել այդ ամեն ինչին. Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա հարձակում, հիմնականում այն պատրվակով, որ եթե դուք ունեք տարածքային պահանջներ մեզանից, մենք ունենք տարածքային պահանջներ ձեզանից։ Մենք համարել և համարում ենք, որ մեր սուրբ պարտականությունն է պահպանել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը՝ միջազգայնորեն ճանաչված, դիվանագիտական, ռազմական, բոլոր միջոցներով։ Նաև բանակցային գործընթացի վերլուծությունը և զարգացումը հանգեցրել է նրան, որ անիրատեսական է եղել անկախ Լեռնային Ղարաբաղ ունենալը։