Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի օգնական Սառա Լադիսլավի հետ:
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության էներգետիկ նախագծերի իրականացման երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է Հարավային գազային միջանցքի դերը։
Հարավային գազային միջանցքը կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ` թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:
2022 թվականին Բրյուսելի և Բաքվի միջև ստորագրված էներգետիկ գործընկերության մասին հուշագրի համաձայն՝ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։