Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը


Սամվել Շահրամանյան, արխիվ
Սամվել Շահրամանյան, արխիվ

ՆԳՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:

«Ազատության» հետ զրույցում Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, առանց անձի անունը նշելու, հաստատեց. - «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»:

Քննչական կոմիտեից էլ «Ազատության»-ը հայտնեցին՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով:

«Քննիչի որոշմամբ, նշված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով այդ անձը ձերբակալվել է»,- նշեց կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Երեկ ավելի վաղ Շահրամանյանի աշխատակցի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․ Աշոտ Դանիելյանը հայհոյել էր Արցախի նախագահին հարցեր ուղղած լրագրողին և օպերատորին: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ցավում են միջադեպի համար, հայցում լրագրողների ներողամտությունը:

«Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»,- հավելել էին Տեղեկատվական շտաբից:

XS
SM
MD
LG