Մատչելիության հղումներ

Բորելը կոչ է արել Թբիլիսիին «պայքարել հակաարևմտյան ապատեղեկատվության դեմ»


Եվրամիությունն ակնկալում է, որ Վրաստանն առաջիկա տարիներին ամբողջությամբ կհետևի Բրյուսելի արտաքին քաղաքականության կուրսին՝ կառույցին ապագայում անդամակցելու համար: Այդ մասին այսօր Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա կոչ է արել Թբիլիսիին «պայքարել հակաարևմտյան ապատեղեկատվության դեմ»։

«Այսօր մեր առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ Վրաստանը ստացավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ: Եվրամիությունը համայնք է, որը հիմնված է ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Դրանք առավել հրատապ են հիմա, քանի որ մենք ապրում ենք շատ բարդ և նույնիսկ վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Մենք ողջունում ենք ձեր ռազմավարական ջանքերը, ողջունում ենք ձեր արտաքին քաղաքականության ուղղվածության որոշակի թեթև մերձեցումը մեր արտաքին քաղաքականության հետ, սակայն հուսով ենք, որ դա զգալիորեն կընդգծվի առաջիկայում», - ասել է Բորելը:

Եվրամիության բարձր ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հակաարևմտյան ապատեղեկատվության և հռետորաբանության տարածման կապակցությամբ և Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել տեղեկատվության մանիպուլյացիաների և ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարելու ջանքերը:

Եվրամիություն մտնելու պայմաններից մեկը, որը դրված է բոլոր թեկնածու երկրների առջև՝ համայնքի արտաքին քաղաքականությանը լիարժեք համապատասխանությունն է, այդ թվում՝ պատժամիջոցների հարցում։ Անցյալ տարի Բորելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական խորհրդարանին հասցեագրված ուղերձներում ասել են, որ Եվրամիությունն իր հարաբերություններն օտարերկրյա երկրների հետ կառուցելիս հաշվի է առնելու այդ երկրների դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության, ինչպես նաև աշխարհում Չինաստանի դերի ամրապնդման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG