Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի բացակայության պատճառով Դոնեցկի շրջանի Ավդեևկա քաղաքում ճգնաժամային իրավիճակ է, հնարավոր է քաղաքն անցնի ռուսական վերահսկողությանը, հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, հայտնել էր, որ Ուկրաինան սկսել է զորքերի մասնակի դուրսբերումը քաղաքից՝ նշելով, թե Ավդեևկայի անկումը «ժամանակի հարց է»։
Ըստ ռուսամետ տելեգրամյան ալիքների՝ ուկրաինացի զինվորականները կորցրել են վերահսկողությունը քաղաքի մի շարք դիրքերի նկատմամբ, պնդում են, որ ռուսական զորքերը գրավել են Ավդեևկայի գլխավոր մուտքը և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին 24 ժամում ռուսական 34 հարձակում է տեղի ունեցել Ավդեևկայի շրջանում։
Ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում հնարավոր չէ ճշտել կողմերի հայտարարությունների արժանահավատությունը։